ՆԳՆ ոստիկանության և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության համատեղ նախաձեռնությամբ հանրապետության ամբողջ տարածքում վարորդներին իրազեկման թերթիկներ են բաժանվել, որոնցում ներկայացված են երկաթուղային գծանցումների հարակից տարածքով երթևեկելու անվտանգության կանոնները։
Իրազեկման թերթիկները բաժանվել են հիմնականում ոչ հսկվող գծանցումների շրջակայքում, մասնավորապես՝ Երևան, Վանաձոր, Գյումրի, Սևան, Չարենցավան քաղաքներում, և հատկապես այն գծանցումների շրջակայքում, որտեղ առավել շատ են ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի ունենում:
«Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության անվտանգության ծառայության պետի տեղակալ Գարիկ Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշում է, որ ոստիկանության հետ պարբերաբար անցկացվող նմանատիպ միջոցառումների շնորհիվ պատահարների էական նվազում է գրանցվել. եթե 2023 թ. հունվարից օգոստոս տեղի է ունեցել յոթ պատահար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում պատահարների թիվը հինգն է և, բարեբախտաբար, առանց զոհերի։
Ոստիկանությունը և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը վերստին հորդորում են վարորդներին՝ լինել ուշադիր, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։