ՀԴԲ-ն Փենսիլվանիայում հուլիսի 13-ի հանրահավաքի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իրականացված մահափորձից չորեքշաբթի չորս նոր լուսանկար է հրապարակել, ինչպես նաև նոր տեղեկություններ հայտնել՝ թե ինչ է բյուրոն պարզել կրակողի մասին, հայտնում է CBS News-ը։
ՀԴԲ-ի հետաքննությունը Բաթլերի հրաձգության վերաբերյալ շարունակվում է, և բյուրոն հայտարարել է, որ մինչև օրս չի գտել որևէ դրդապատճառ կամ ապացույց, որ հրաձիգը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, համագործակցել է որևէ մեկի հետ:
ՀԴԲ-ի Պիտսբուրգի դաշտային գրասենյակի ղեկավար Քևին Ռոժեկը ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է, որ քննիչները «ենթադրում են, որ (հանցագործը) հանգամանորեն ծրագրել է հարձակումը»:
Ռոժեկը պատմել է, որ Քրուքսը «չափազանց կենտրոնացած» է եղել Բաթլերում Թրամփի նախընտրական հանրահավաքի վրա, հենց որ դրա մասին հայտարարվել է, և ՀԴԲ-ն հայտնաբերել է, որ նրա գլխում «գաղափարախոսությունների խառնաշփոթ է եղել»:
Քրուքսին մահացու կրակել է Գաղտնի ծառայության դիպուկահարը՝ ութ գնդակ արձակելուց հետո: Թրամփը վիրավորվել է ականջից, վիրավորվել են նաև հանրահավաքի երկու մասնակից։ Կրակոցների հետևանքով մեկ մարդ է մահացել։