«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին Կուրսկի ատոմակայան կատարած այցի ժամանակ մանրամասն ծանոթացել է ատոմակայանի ուղղությամբ ուկրաինական կողմի հասցրած հարվածների հետևանքներին։ Չնայած նրան, որ Կիևի մեղքը միջուկային վտանգ առաջացնելու հարցում ակնհայտ է, ՄԱԳԱՏԷ-ն հայտնի պատճառներով չի կարող պաշտոնապես ասել այդ մասին», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Կուրսկի ատոմակայանում Գրոսսիի շրջայցի արդյունքները։
«Գրոսսին տեսավ ատոմակայանի վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքները, գնահատեց սպառնալիքը, շարունակվող վտանգը։ Բայց, հասկանալի պատճառներով, ՄԱԳԱՏԷ-ն նշում է, որ իրավասություն չունի հայտարարել՝ ով է մեղավոր այդ հարցում, թեպետ այստեղ ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ այդ առումով կասկածներ, իհարկե, չեն կարող լինել։ Միջուկային վտանգի սրման մեջ ուկրաինական կողմի մեղքն առավել քան ակնհայտ է»,- ասել է Պեսկովը։
Նշենք, որ նախօրեին Կուրսկի ատոմակայան այցելած Ռաֆայել Գրոսսին ասել էր, որ տեսել է անօդաչու թռչող սարքերի հարվածների հետքերը ու նշել էր, որ ատոմակայանի աշխատակիցներին հաջողվում է ապահովել կայանի շահագործումը «նորմալին մոտ» պայմաններում, այնուհանդերձ, նա մտահոգություն էր հայտնել ԱԷԿ-ի անվտանգության ապահովման առնչությամբ։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նշել էր նաև, որ մեծ է ատոմակայանի վնասվելու ռիսկը։