Մինչ Թուրքիայում ազգային արժույթը՝ թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ օրեցօր շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները, իսկ տնտեսության վիճակը դեռևս պահպանում է «կայուն ծանր» վիճակը, երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրեն թույլ է տալիս հայտարարելու․ «Չքավորությունն ու աղքատությունը վերջացել են»։
Վերջին շրջանում Թուրքիայում անցկացված սոցհարցումներն անգամ ցույց են տալիս լիովին այլ պատկեր, որ երկրի օրակարգում առաջնային տեղ են զբաղեցնում թանկությունն ու ֆինանսական դժվարությունները։ Սակայն Էրդողանն այդ հայտարարությամբ չի սահմանափակվում և հավելում է․ «Արգելքների, կեղեքումների, աղքատության ու չքավորության այդ հին օրերն այժմ ամբողջովին անցյալում են ու այլևս երբեք չեն վերադառնալու»:
Հարկ է նշել, որ Էրդողանը «Նոր Թուրքիայի» մեկնարկի մասին հայտնել է 2023թ․ ընտրություններում իր հաղթանակից հետո՝ ազդարարելով «Հին Թուրքիայի»ավարտը։
Արտաքուստ թվում է, թե այս հայտարարությունն անում է ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող մի երկրի ղեկավար, սակայն հայտարարությունը հակասում է Թուրքիայում տիրող իրավիճակին և իրականության հետ ոչ մի աղերս չունի։
Դա փաստում են անգամ Թուրքիայի շարքային քաղաքացիներն ու ընդդիմադիր շրջանակները, որոնք սոցցանցերի տարբեր հարթակների միջոցով և ոչ իշխանամերձ լրատվամիջոցներին տված հարցազրույցներում արտահայտում են իրենց դժգոհությունն առկա սոցիալական անհավասարության, իրավունքների ոտնահարման, ազատության սահմանափակման և իհարկե, տնտեսական ճգնաժամի հետ կապված։ Էրդողանի այս հայտարարությունը նույնպես անարձագանք չի մնացել և քննադատությունների առիթ է հանդիսացել։
Թուրքիայի տարեց մի քաղաքացի, որի անունը թուրքական «Anka Haber» լրատվակայքում չի նշվում, այդ կապակցությամբ ասել է․ «Ի՞նչ ասենք։ Եթե խոսենք՝ կձերբակալվենք։ Արդեն հոգնել ենք։ Թոռնիկիս հետ եմ եկել (շուկա), իր ուզածը չեմ կարողանում գնել։ Լոբի ենք գնել, գնում ենք։ Թոռնիկս սա է ուզում, նա է ուզում, չենք կարողանում գնել։ Չե՞ն տեսնում, թե ժողովուրդն ինչերի միջով է անցնում, իրենք շատ բարձր են։ Ամբողջովին կտրվել են ժողովրդից»։
Մանրամասն՝ Ermenihaber.am-ում։