Այսօր՝ օգոստոսի 26-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցները անձնական խուզարկությամբ 22-ամյա Գրիգոր Մ․-ի մոտ հայտնաբերել են ընդհանուր 1,41 գրամ քաշով փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով. վերջինս հայտնել է, որ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Պարեկային ծառայության աշխատակիցները տեղեկություն են ստացել, որ Դավիթաշեն վարչական շրջանում 2 քաղաքացի մի քանի օր է կասկածելի տեղաշարժեր են կատարում։ Կայքի տեղեկություններով, կասկածյալները ՀՀ մարզերից մեկի բնակիչներ 22-ամյա Գրիգոր Մ․-ն և 21-ամյա Նարեկ Մ․-ն են։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ ու դրա շրջանակներում վերջիններս քննիչի որոշմամբ ձերբակալվել են։ Դեպքի վայրի զննությամբ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 41 հատ սև, կպչուն ժապավենով փաթեթավորված մոտ 75 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։ Կայքի տեղեկություններով, Գրիգոր Մ․-ն Նարեկ Մ․-ի քրոջ որդին է։