«Իսրայելը չի կարողացել կանխել և հետ մղել Հըզբոլլահի գրոհն իր տարածքի վրա»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Օկուպացիոն ռեժիմը (Իսրայելը-խմբ․), որը միշտ նպատակ է հետապնդել ընդլայնել իր տարածքը, այժմ ստիպված է պաշտպանվել հարվածներից՝ իր իսկ կողմից վերահսկվող տարածքի խորքում։ Չնայած դաշնակիցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի համակողմանի աջակցությանը, ռեժիմը (Իսրայելը-խմբ․) չի կարողացել կանխատեսել հարձակման ժամանակն ու վայրը և դիմակայել դիմադրության ուժերի նույնիսկ սահմանափակ գործողությանը։ Ժամանակն այժմ Իսրայելի և նրա կողմնակիցների օգտին չէ»,- գրել է իրանցի դիվանագետը X-ում (նախկինում՝ Twitter)։
Նասեր Քանանին նշել է նաև, որ իսրայելական բանակի անպարտելիության միֆը վաղուց դարձել է դատարկ կարգախոս, իսկ իսրայելական բանակը կորցրել է իր հարձակողական և պաշտպանական ներուժն ու արդյունավետությունը։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է նաև, որ դիմադրության ուժերի գրոհները հասել են գրավյալ տարածքների խորքը։
Նասեր Քանանին տեղեկացրել է, որ հութիների «Անսար Ալլահը», պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը և «Իսլամական ջիհադը» իրենց աջակցությունն են հայտնել «Հըզբոլլահին»՝ ձեռնարկած այս գրոհի կապակցությամբ։