00:00:00

Տավուշի մարզում ապօրինի անտառահատման դեպքերով վերականգնված վնասի չափն ինն անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. Աննա Վարդապետյանը հանձնարարականներ է տվել մարզի դատախազին

13:37, 26 օգոստոս 2024 Հասարակություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում օգոստոսի 24-ին խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի Դատախազության՝ Իջևանում տեղակայված նստավայրում:

 

Խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը, Տավուշի մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, մարզի՝ իրավապահ մարմինների ղեկավար կազմն ու Տավուշի մարզի դատախազության դատախազները:

 

Մարզի դատախազ Արմեն Մուրադյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կատարված աշխատանքների արդյունքները, համաձայն որոնց՝ ապօրինի անտառահատման դեպքերով նախաձեռնվել է 159 քրեական վարույթ (2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 135), դրանց հետևանքով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 18 մլն 217 հազար դրամի վնասը (2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 915 հազար դրամ), դատարան է ուղարկվել 179 քրեական գործ (2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 121), դատարանում քննվել և ավարտվել է 229 քրեական գործ (2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 127), քրեական վարույթներով տարբեր պետական մարմիններ են ներկայացվել 15 միջնորդագիր, որից մեկը՝ խրախուսական և 17 հաղորդում:

 

Հանրապետության գլխավոր դատախազը Տավուշի մարզի դատախազին հանձնարարել է պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրություններ սկսել Աղստևի գետափնյա հատվածներում` քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի վերաբերյալ:

 

Մարզային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազը և ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այցելել են Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայր, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ՝ մարզում Զինվորական դատախազության նստավայր տեղակայելու նպատակով:

 

Աշխատանքային երկօրյա այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել է նաև Աչաջուր բնակավայրի գրադարան և հարցուպատասխանի ձևաչափով զրուցել գրադարանից օգտվող՝ տարբեր տարիքային խմբերի աշակերտների հետ:

 

Գլխավոր դատախազը եղել է մարզի մի շարք բնակավայրերում ևս, ինչպես նաև ՀՀ զինվորական դատախազի և ՀՀ պաշտպանության նախարարության N բանակային կորպուսի հրամանատարի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի N բանակային զորամիավորման տարբեր ստորաբաժանումներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր