Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Սարալանջի ճանապարհից դեպի Հերացի փողոց հատվածում բախվել են մի քանի տոննա ցորենով բարձված «Կամազ»-ը ու Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 17 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել շտապ օգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Վիրավորներից մի քանիսին էլ հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենաներով։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։
Փրկարարները վիրավորներից մի քանիսին պատգարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, հոսանքազրկել են ավտոմեքենաները, այս պահին էլ կողաշրջված «Կամազ»-ը հոսանքազրկում են և կատարում են ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ առաջացել է նաև դիզվառելիքի արտահոսք։
Դեպքի վայրում հայտնաբերվել է ռուսական համարանիշներով «Toyota» մակնիշի ավտոմեքենա, որը նույնպես, ըստ ստացված տեղեկությունների, վթարի մասնակից է։
Վիրավորներից 2-ին հիվանդանոց են ուղեկցել գումարտակի հրամանատար Ա․ Դադոյանն ու վաշտի հրամանատարի տեղակալ Արտակ Մանուկյանը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։