Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու համար դատապարտված, ապա՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակված Հարություն Գրիգորյանը կրկին կհայտնվի անազատության մեջ։ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որով բեկանվել է Գրիգորյանի պայմանական ազատ արձակման որոշումը, օրինական ուժ է ստացել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Հարություն Գրիգորյանը դատապարտվել էր ազատազրկման՝ հինգ տարի ժամկետով, պատժի կրման սկիզբը հաշվվել է 2019թ-ից։ 2024թ. փետրվար ամսին Հարություն Գրիգորյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել ՔԿՀ-ից։
Դատական ակտի դեմ բողոք է ներկայացվել, որը Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է՝ բեկանելով պայմանական վաղաժամկետ ազատ արձակման որոշումը, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել, ըստ այդմ, օրինական ուժ է ստացել վերաքննիչ դատարանի որոշումը։
«Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ ընդունում է հետևյալ դեպքերում. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396 հոդվածի համաձայն, 1. եթե գալսիէ հետրության, որ վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ կամ առկա է բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող որեվէ փաստական կամ իրավական հանգամանք. 2. առերևույթ քրեադատավարական օրենքի էական խախտման հետևաքնով դատական ակտը կարողէ խաթարել արդարադատության էությունը: Վճռաբեկ դատարանը գտել է , որ բողոքաբերի կողմից չեն բերվել բավարար հիմնավորումներ , որ վերաքննիչ դատարանը առերևույթ թույլ է տվել դատական սխալ, կամ քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ տալու հետևաքնով խաթարվել է արդարադատության բուն էությունը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում պարզաբանեց Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվել է հուլիսի 27-ին։
ՔԿԾ-ից, սակայն, հայտնեցին, որ Հարություն Գրիգորյանը դեռևս չի տեղափոխվել ՔԿՀ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։