00:00:00

Հայտարարությունը, թե իբր Գալստյանն իր պաշտոնը ստանձնել է Շահրամանյանի հրամանագրով, իրատեսական չէ

13:58, 17 հուլիս 2024 Լեռնային Ղարաբաղ

«MediaNews» կայքում տեղ է գտել «Շահրամանյանը պետական դավաճանին պաշտոնի նշանակել է Արցախի լուծարման փաստաթուղթը ստորագրելուց հետո՝ քաջատեղյակ լինելով Սարգիս Գալստյանի դավաճանության մասին» վերնագրով հայտարարություն:

Փաստաբան Ռոման Երիցյանը թեմայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:

«15․07․2024 թ-ին «MediaNews» վերտառությամբ կայքում տեղ է գտել «Շահրամանյանը պետական դավաճանին պաշտոնի նշանակել է Արցախի լուծարման փաստաթուղթը ստորագրելուց հետո՝ քաջատեղյակ լինելով Սարգիս Գալստյանի դավաճանության մասին» վերնագրով հայտարարություն, որի հեղինակը կայքին բնորոշ ձևով չհիմնվելով հավաստի ու արժանահավատ փաստական հանգամանքների վրա, էժանագին, կեղծ ու արատավորող տեղեկություններ է տարածել Արցախի Հանրապետության նախագահի հասցեին։

 Կայքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանում բացակայում են տնօրինողի նույնականացման տվյալները՝ այն տնօրինող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման հասցեն, եթե նա լրատվական գործունեությունն իրականացնում է որպես անհատ ձեռնարկատեր, ապա նաև պետական հաշվառման համարը, իսկ եթե աղբյուրը տնօրինում է իրավաբանական անձը՝ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գրանցման համարը։
 Այս համատեքստում, չնայած «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով «MediaNews» վերտառությամբ կայքը ենթակա է գնահատման որպես չնույնականացվող աղբյուր, իսկ նման աղբյուրից ստացած տեղեկությանն անձամբ ես լուրջ չեմ վերաբերվում, այնուամենայնիվ, հաշվի առնելով նման հայտարարությունների նպատակը, հնարավորինս կարճ անդրադառնամ դրան։

 Թերևս սկսենք նրանից, որ Սարգիս Գալստյանը ոչ թե պետական դավաճանության համար դատապարտված, այլ լրտեսության մեջ ընդամենը մեղադրվող արցախցի է, ինչպիսի պայմաններում առնվազն անհեթեթ է հայտարարությունն առ այն, որ պետական դավաճանին պաշտոնի նշանակելով Շահրամանյանը փաստացի պետական դավաճանություն է գործել։

 Երկրորդ՝ Արցախի նախագահը չունի և երբևէ չի ունեցել իր աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնին որևէ անձի նշանակելու իրավասություն, հետևաբար հայտարարությունն առ այն, իբր Գալստյանն իր պաշտոնը ստանձնել է նախագահի հրամանագրով, մեղմ ասած, իրատեսական չէ։

 Արցախը լուծարելու վերաբերյալ հրաման Արցախի իրավական համակարգում երբևէ գոյություն չի ունեցել և ունենալ չէր էլ կարող։ Չնայած այս կապակցությամբ արդեն իսկ կատարել եմ բազմաթիվ հայտարարություններ, այնուամենայնիվ, վերստին պետք է նշեմ, որ Արցախի Հանրապետությունը նախագահի հրամանագրով լուծարված լինելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։

 Անդրադառնալով Սարգիս Գալստյանին պաշտոնի նշանակելու նախապատմությանը՝ հանրությանն իրազեկեմ, որ վերջինս Արցախի բնակչության տարհանմանը չի մասնակցել՝ փոխարենը հայտարարելով, որ ընտանիքի հետ մնում է Արցախում։ Հաշվի առնելով իր հետ  նաև տասնյակ այլ բնակիչների Արցախը չլքելու հանգամանքը՝ ինչպես նաև այն, որ մնացած բնակիչներից միայն Գալստյանն ուներ հանրային ծառայության փորձ (զբաղեցրել էր պետական կամ հանրային այլ ծառայության տաբեր պաշտոններ), ուստի վերջինս համապատասխան իրավասու պաշտոնատար անձի հրամանով նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։ Հրամանը կայացվել է ռուսերեն լեզվով՝ Արցախում մնացաց արցախցիների անունից ադրբեջանական իշխանությունների հետ բանակցություններ վարելու և նրանց շահերը ներկայացնելու նպատակով։

 Վերոգրյալը խեղաթյուրող և հանրությանն այլ կերպ ներկայացնող լրագրողներն իրենց հիմարագին հայտարարությունների համար կրելու են ինքնուրույն պատասխանատվություն։ Հիշեք, որ լրագրողը պարտավոր է բացառապես հիմնվել հավաստի և արժանահավատ փաստական հանգամանքների վրա։ Որքան առավել ծանր է տարածվող տեղեկատվության հեղինակությունը արատավորող բնույթը, այնքան ամուր և հիմնավորված պետք է լինեն դրա փաստական հիմքերը»,- նշված է հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր