Այսօր՝ հուլիսի 6-ին, կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում: shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաջազնունի փողոցում գործող «Նաչո Հոթել Երևանի»-ի դիմաց կրակոցներ են հնչել:
Պարեկներն ու ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 2 պարկուճ, պարեկներն էլ սահմանազատել են տարածքը: Այս պահին ոստիկաններն ու պարեկները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական խումբն ու փորձաքրեագետները:
Պարզում են նաև՝ արդյոք միջադեպի ու կրակոցների հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն արդեն օպերատիվ տեղեկություններ ունեն, թե ենթադրյալ կրակոցներ արձակողը ինչ մակնիշի ավտոմեքենայի միջից է կրակոցներ արձակել, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում որոշ մանրամասներ: Դեպքի փաստով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: