Արդեն երրորդ օրն է, ինչ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, փակ են պահում Բաղրամյան պողոտան՝ գիշերելով այստեղ։ Միևնույն ժամանակ ոստիկանական ուժերը շարունակում են փակ պահել Դեմիրճյան փողոցը։
Բագրատ Սրբազանը վաղ առավոտյան ուղիղ միացումով ներկայացրել է Բաղրամյան- Պռոշյան խաչմերուկում տիրող իրավիճակը՝ նշելով, որ մարդիկ գիշերն անցկացրել են «վրանային ավանում» և նույնիսկ չեն քնել՝ չնայած հանգստանալու իր հորդորներին։ Նա ևս մեկ անգամ հիշեցրել է ժամը 15։00-ի կայանալիք հավաքի մասին՝ նշելով, որ սպասում են բոլորին։
Նշենք, որ դեռ երկու օր առաջ ակցիայի մասնակիցները վրաններ էին տեղադրել Բաղրամյան պողոտայում և երրորդ օրն է գիշերում են այնտեղ, իսկ գիշերը՝ խարույկներ վառում։
Երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայում, դիմելով քաղաքացիներին, Բագրատ Սրբազանը, հայտարարել է, որ այսօր չափազանց կարևոր օր է սպասվում։