00:00:00

Երևանի քաղաքապետարանը շեշտը դնում է բարձրարժեք արվեստի վրա, և ծրագրերը դրա բաղկացուցիչ մասն են. Տիգրան Ավինյան

12:05, 10 հունիս 2024 Հասարակություն

Հունիս ամիսը հագեցած է մշակութային աննախադեպ միջոցառումներով: Աշնանը ևս մայրաքաղաքում սպասվում են բացօթյա նախագծեր ու նոր ծրագրեր: Քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Երևանը շարունակելու է քաղաքի բնակիչներին ու հյուրերին մատուցել բարձրարժեք արվեստ: 

 

«Երևանի քաղաքապետարանը շեշտը դնում է բարձրարժեք արվեստի վրա, և նախաձեռնված ծրագրերը դրա բաղկացուցիչ մասն են»,- նշել է Տիգրան Ավինյանը:

 

Մայրաքաղաքում շարունակվում է ասֆալտապատման և դիտահորերի բարձրացման գործընթացը: Միջին ծածկի նորոգման աշխատանքները Նոր Նորքից կտեղափոխվեն այլ վարչական շրջաններ, կշարունակվեն նաև փոսալցման աշխատանքները, կհայտարարվի նոր մրցույթ՝ տեխնիկական նոր առաջադրանքով: 

 

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի պատերին համապատասխան հասցեների առկայությունն ապահովելու նպատակով կտեղադրվեն երկու տեսակի ցուցանակներ: 

 

Միասնական մոտեցում կցուցաբերվի նաև փողոցների վերաբերյալ տեղեկություն տրամադրող ուղեցույց-ցուցանակների պարագայում: 

 

Հեղեղումներից հետո Ալավերդում իրականացվող մաքրման ու վերականգնողական գործին ներգրավվել են նաև «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկան ու աշխատուժը: Զեկուցվել է, որ տրամադրվել են որոշ գոտիներ՝ երթևեկելի հատվածները տիղմից մաքրելու, ինչպես նաև գետում կուտակված աղբը տեղափոխելու համար: 

 

Երևանի քաղաքապետարանի «Զանգերի սպասարկման և աջակցման» բաժնում նկատվել է զանգերի թվի կտրուկ նվազում, բարձրացվել է առաջին զանգից սպասարկման ցուցանիշը: Եթե նախորդ տարեվերջին մեկ ամսվա ընթացքում ստացվել էր 25 788 զանգ, որով սպասարկվել էր 18 203 քաղաքացի. առաջին զանգից՝ քաղաքացիների 60%-ը, հետադարձով՝ 40%-ը, ապա նախորդ մեկ ամսվա ընթացքում բաժինը ստացել է 14 443 զանգ, որով սպասարկվել է 14 147 քաղաքացի: Առաջին զանգից սպասարկվել է քաղաքացիների 92%-ը, հետադարձով՝ 8%-ը: Զեկուցվել է, որ նկատվել է զանգերի կտրուկ նվազում, որը պայմանավորված է առաջին հերթին առաջին իսկ զանգից պատասխանելու հանգամանքով:

 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է հետևողականորեն ուշադրություն դարձնել ինչպես զանգերի, այնպես էլ էլեկտրոնային «Ակտիվ քաղաքացի» հավելվածով քաղաքացիների կողմից բարձրացվող խնդիրներին՝ դրանց կարճ ժամկետում լուծումներ տալու նկատառումով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր