Այսօր՝ հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում քարաթափում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ մի քանի հսկայական քարեր են պոկվել ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում և այն հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով պարեկները անցել են ուժեղացված ծառայության մինչև ճանապարհն սպասարկող ընկերության ներկայացուցիչները հատուկ տեխնիկայով կմոտենան ու կհեռացնեն քարերը։
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարականով ժամանել են նաև մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները ովքեր ուսումնասիրում են խնդիրը և պարզել են, որ կա այլ քարերի թափվելու վտանգ ու մարզպետի հանձնարարականով արդեն համապատասխան աշխատանքներ են կատարում, որպեսզի տեսնեն ինչ եղանակով են վտանգավոր քարերը հեռացնում։