Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հունիսի 7-ին այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել այնտեղ բուժում ստացող զինծառայողներին, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական օգնության և սպասարկման հարցերը, առանձնազրույցներ են տեղի ունեցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող զինծառայողների հետ: Հարկ ենք համարում ընդգծել, որ որոշ զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ անհատական բողոքների շրջանակում դիմել էին Պաշտպանին:
Բուժանձնակազմի հետ քննարկվել են զինծառայողների բուժման ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցերը:
Զինծառայողներին պարզաբանվել են իրենց իրավունքների իրացման հնարավորությունները, այդ թվում՝ առողջական վիճակի հետազոտման, բժշկական փորձաքննության ընթացքին ծանոթանալու և դրանց արդյունքներով տրված եզրակացություններ ու այլ փաստաթղթերը ստանալու, ինչպես նաև բարձրացված այլ հարցերի հետ կապված:
Զինծառայողները ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան:
Զինծառայողների առողջական վիճակի և պատշաճ բուժօգնության հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, զինվորական հոսպիտալներ այցերը կրում են շարունակական բնույթ: