Սուրբ Աննա եկեղեցու բակում են հավաքվել Սրբազան պայքարին միացած քաղաքացիները, շուտով նրանց կմիանա նաև Բագրատ Սրբազանը։ Այստեղ են նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։
«Այս բոլոր օրերի ընթացքում եղել ենք Բագրատ Սրբազանի կողքին, մեր ժողովրդի հետ՝ հայրենիքի փրկության համար և հավատացած ենք՝ Շարժումը հաջողության է հասնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։
Նրա խոսքով՝ պայքարի յուրաքանչյուր օրվա հետ՝ մարդկանց ոգևորությունն ավելի է մեծանում, ինչի մասին վկայում է նաև Գեղարքունիք՝ Վարդենիս և Սոթք կատարած երեկվա այցը։
«Սոթքում, Վարդենիսում էլ անհանգստացած են այն վիճակով, որ կա սահմանագծման և սահմանազատման հետ կապված։ Ուստի ժողովուրդը շատ ոգևորված էր Սրբազանի այցով, ամեն բնակավայրում սպասում էին, դիմավորում էին աղ ու հացով։
Ընդհանրապես՝ այս ամբողջ ընթացքում նաև տարբեր երկրներում տեսան՝ ինչ է կատարվում Հայաստանում, տեսան ժողովրդի անհամաձայնությունն իշխանությանը»,- ասաց զոհված զինծառայողի մայրը՝ կոչ ուղղելով ցանկալի արդյունքի հասնելու համար շարունակել պայքարը, մասնակցել հունիսի 9-ին նախատեսված հանրահավաքին։
«Հունիս 9-ի հանրահավաքին չմասնակցողներին խորհուրդ կտամ՝ լավ մտածեն։ Ես չեմ ուզում՝ ոչ մի ընտանիք իմ կարգավիճակում հայտնվի, ուզում եմ խորը մտածեն, որովհետև սա իրոք շատ լուրջ իրավիճակ է, հայրենիքի կորուստ է»,- ասաց զոհված զինծառայողի մայրը։