Այսօր, հայրենի Թալինի իր անվամբ անվանակոչված փողոցի կենտրոնական մասում`Ա. Խանջյան-Մ. Հարությունյան փողոցների խաչմերուկում, տեղի ունեցավ նորագույն պատմության լավագույն հրամանատարների շարքում ամրագրված հետախույզ, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և ՀՀ ռազմական հետախուզության «Պատվավոր ծառայողի» շքանշանների հետմահու ասպետ Մկրտիչ Հարությունյանի (Մգրոյի) հուշարձան-կոթողի բացման հանդիսավոր արարողությունը։ Հայտնում են Թալինի համայնքապետարանից։
Արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ -մայոր Սամվել Մովսիսյանը, ՀՀ ԶՈւ Հատուկ նշանակության զորամասի հրամանատար, գնդապետ Արգիշտի Վարդանյանը, Թալինի համայնքապետարանի աշխատակիցներ, Մ․ Հարությունյանի ընտանիքի անդամները, հարազատներ, ընկերներ, զինվորականներ և համայնքի բնակիչներ։
Բացման արարողակարգի պատիվը տրվեց Մկրտիչ Հարությունյանի հորը՝ Արմեն Հարությունյանին, կնոջը՝ Անի Տոնոյանին, դուստրերին՝ Եվա, Լյուսի Մկրտչի Հարությունյաններին: Բացումն ուղեկցվեց ՀՀ ԶՈՒ Պատվո նվագախմբի կողմից հնչեցված ՀՀ օրհներգի ներքո: Հոգևորականների կողմից կատարվեց հուշակոթողի օրհնության կարգ: Համընդհանուր աղոթք հնչեցվեց առ Աստված`Մկրտիչ Հարությունյանի և մյուս քաջորդի ննջեցյալների հիշատակի համար:
Հուշակոթողը կառուցվել է Հատուկ նշանակության զորամասի հրամանատար Արգիշտի Վարդանյանի և մարտական ընկերների ջանքերով և Թալինի համայնքապետարանի աջակցությամբ: Ելույթով հանդես եկավ ՀՀ ԶՈւ Հատուկ նշանակության զորամասի հրամանատար, գնդապետ Արգիշտի Վարդանյանն, ով իր հիացմունքն ու շնորհակալությունը հայտնեց Մկրտիչ Հարությունյանին:
«Մկրտիչն այս հողի, ազգի և այս լեռ քարերի պաշտպանն է և դրանց նման կանգնած է բոլոր ոտնձգությունների առջև, Մգրոն միշտ մեր կողքին է լինելու»,- նշեց Ա. Վարդանյանը` ներկայացնելով հուշակոթողի նշանակությունը:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ , գեներալ-մայոր Սամվել Մովսիսյանի կողմից շնորհակալագիր ստացա` բանակ-հասարակություն կապն ամրապնդելու և հուշակոթողի կառուցման ընթացքում աջակցություն ցուցաբերելու համար:
«Մենք միշտ խոսում ենք մեր հերոսների քաջագործությունների մասին`ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետության և Թալին համայնքի յուրաքանչյուր բնակիչ մեր հերոսի նման ապրի, իր գործում հերոս լինի, և այդ դեպքում մենք կլինենք հզոր ու ուժեղ»,- նշեցի իր ելույթի ընթացքում:
Արարողակարգի մասն էր կազմում փոքրիկ միջոցառումը, որի ընթացքում Թալինի մշակույթի տան, Երաժշտական դպրոցի և Թալինի Ավագ դպրոցի աշակերտներն իրենց խոնարհումը բերեցին Մկրտիչ Հարությունյանի հիշատակին։ Տեղի ունեցավ ծաղկեպսակների և ծաղիկների խոնարհման արարողություն: