Այսօր՝ հունիսի 3-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա վիրավոր քաղաքացի։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշ 41 փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ստիկաններն ու պարեկները նշված փողոցի թիվ 17 հասցեի դիմաց հայտնաբերել են արնանման հետքեր, արյունոտված հողաթափ, խաչ և կրակված պարկուճ։
Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Վարուժան Ազիզյանն ու պարեկ Ագապի Խաչատրյանը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Նոր Արեշ 41 փողոցի 17 հասցեից, Երևանի 1-03 շտապօգնության թիվ 43 խմբի կողմից, և վիրավորը նշված տան բնակիչ 52-ամյա Արթուր Ա․- ն է։
Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը հաջողվել է բժիշկներին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ ժամը 18։30-ի սահմաններում նշված հասցեի դիմաց Արթուր Ա․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հորեղբոր որդի, նույն տան բնակիչ 46-ամյա Գարիկ Ա․-ի հետ, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած ողորկափող հրազենով 2 կրակոց է արձակել, ինչի պատճառով էլ Արթուր Ա․-ն ձախ ոտքի հատվածում ստացել է հրազենային վնասվածք։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մինչ քննիչներն ու փորձաքրեագետը դեպքի վայրում աշխատում էին, ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստանում, թե որտեղ է գտնվում կասկածյալ Գարիկ Ա․-ն, ում հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ներկայանում է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ հիմնավոր կասկածով ձերբակալվում է։
Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրազենը։
Գարիկ Ա․-ին և հրազենը Էրեբունու ոստիկանները ներկայացրել են քննչական բաժին։