00:00:00

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել ՀՅԴ Հայ դատին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ գործադրվող ջանքերի համար

14:40, 29 մայիս 2024 Հասարակություն

Մայիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին՝ առաջնորդությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և Հայ դատի հանձնախմբերի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանի։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ներկայացնելով հյուրերին, Նորին Սրբությանը համապարփակ տեղեկություններ փոխանցեց խորհրդաժողովի կատարած աշխատանքների մասին։

Ողջունելով հյուրերին՝ Ամենայն Հայոց Հայրապետը կարևորեց խորհրդաժողովի աշխատանքները՝ ի խնդիր հայրենիքի և ազգի զավակների իրավունքների պաշտպանության։ Նորին Սրբությունը մասնավոր անդրադարձ կատարեց հայրենիքի առջև ծառացած առկա խնդիրներին և դրանց հաղթահարման ուղղությամբ ջանքերի մեկտեղման անհրաժեշտությանը։ Հատկապես կարևորվեց Հայաստան-Սփյուռք կապերի սերտացումը և համազգային ներուժի ծառայեցումը հանուն հայրենիքի զորացման և ապահով կյանքի կերտման։

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ գործադրվող ջանքերի, արցախահայերի արդար իրավունքների բարձրաձայնման ու հետապնդման և հայրենանվեր ու ազգօգուտ այլ իրագործումների համար։

Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, հայ ռազմագերիների վերադարձման գործում Մայր Աթոռի կողմից տարվող աշխատանքներին և միջեկեղեցական հարաբերություններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր