Իրանական ISNA լրատվական գործակալությունը կադրեր է հրապարակել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի ենթադրյալ կործանման վայրից։ Տեսանյութը հրապարակվել է գործակալության Telegram ալիքում։
Տեսանյութում երեւում են որոնողական խմբի անդամները։ Օպերատորը նկարահանում է բլուրները, ենթադրաբար հենց այստեղ է ընկել Ռաիսիի ուղղաթիռը։ Կադրերում տեղ-տեղ տեսանելի է մառախուղ։
Տեսանյութը վերնագրված է՝ «Առաջին լուսանկարները նախագահական ուղղաթիռի հայտնաբերումից հետո»։
Մայիսի 19-ի երեկոյան Իրանի հյուսիս-արևմուտքում կոշտ վայրէջք է կատարել Իրանի նախագահով ուղղաթիռը։ Ռաիսիի հետ այս ուղղաթիռով թռչում էին արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Իրանի Թավրիզ քաղաքի մզկիթի իմամ Սայեդ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը և Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալիք Ռահմատին։
Քաղաքական գործչի պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջանից, որտեղ Ռաիսին հանդիպում է ունեցել իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ։ Ընդհանուր առմամբ ավտոշարասյան մեջ եղել է երեք ուղղաթիռ, որոնցից երկուսը բարեհաջող վայրէջք են կատարել։