ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը վրդովվեցրել է նաև ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։ Մատվիենկոն նշել է․ «Ես ուզում եմ իմ գործընկերոջը՝ Հայաստանի խորհրդարանի նախագահին, հարց ուղղել՝ ո՞ւմ անունից է նա նման պատմություններ հնչեցրել։ Իհարկե, ոչ հայ ժողովրդի անունից, որի հետ Ռուսաստանը դարավոր բարեկամություն ունի»։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանը կհարցնի Սիմոնյանին, թե «ո՞վ է իրեն իրավունք տվել նման ձևով խոսել Հայաստանի անունից և նաև գնահատական կտա»։
«Մենք չենք անտեսի այս կարգի ռուսաֆոբ, հակառուսական ելույթները։ Մեր գործընկերն արդեն հատել է բոլոր կարմիր գծերը»,- ասել է Մատվիենկոն։
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինն իր հերթին ասել է, որ Ալեն Սիմոնյանը «անցել է բոլոր պատկերացնելի և աներևակայելի սահմանները»։
«Ռուսաստանի ներխուժման մասին հայտարարությունները, ինչպես նաև Հայաստանի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականության ուժեղ պաշտպանությունը մենք դիտարկում ենք որպես Կիևի նեոնացիստական ռեժիմի հետ ուղղակի համերաշխություն։ Ստացվում է, որ Սիմոնյանը կասկածի տակ է դնում մեր ինքնիշխանությունը և արհամարհում է ֆեդերացիայի նոր սուբյեկտների բնակիչների կամքը՝ վերամիավորվել հայրենիքի հետ՝ հստակ արտահայտված հանրաքվեի ժամանակ»,- ասել է նա: