00:00:00

Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ

17:26, 23 ապրիլ 2024 Հասարակություն

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը․

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը գրեթե երեք տասնամյակ եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունն ու ձեռքբերումը, որն ուղղակիորեն բխում էր Հայաստանի անկախության հռչակագրում ամրագրված և ՀՀ սահմանադրության մեջ իրավական ձևակերպում ստացած դրույթներից։ Այն նպատակ էր հետապնդում ոգեկոչելու Հայոց ցեղասպանության ավելի քան մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, միևնույն ժամանակ կանխարգելելու նոր ցեղասպանությունները և ամրապնդելու Հայաստանի անվտանգային միջավայրը։ 

Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների  և հայաթափման տրամաբանական շարունակությունն է այսօր իրականացվող Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների միակողմանի զիջումները, որոնք էլ իրենց հերթին հանգեցրել են մեր համազգային և ամենացավոտ ողբերգության շահարկմանը, ինչը հղի է հայ ժողովրդի և հայկական պետականության համար աննախադեպ սպառնալիքներով և նոր գոյութենական մարտահրավերներով։

Դիվանագետների համահայկական խորհուրդը դատապարտում է Հայոց ցեղասպանության շահարկման և նվաստացման ցանկացած փորձ։ Անհնար է խաղաղություն հաստատել ազգային արժանապատվության և նվիրական զգացմունքների ուրացման գնով։

Վստահ ենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրները հավատարիմ կմնան իրենց սկզբունքային դիրքորոշմանը՝ համամարդկային այս ողբերգության և մարդկության դեմ իրագործված այլ ոճրագործությունների հանդեպ։

Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև, խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունն, ինչի արդյունքում նոր կորուստներն անխուսափելի կլինեն և անդառնալի հետևանքներ կունենան հայ ժողովրդի և հայոց պետականության համար»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր