Հաստատվում են տեղեկությունները, որ Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին։
Karabakh Records-ը X-ի իր էջում՝ հրապարակել է արբանյակային լուսանկարները, ինչպես նաև ադրբեջանական տելեգրամյան ալիքի տեսանյութը, ըստ որի՝ Շուշիի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հողին է հավասարեցվել։
Ըստ ավելի վաղ հրապարակումների՝ հայկական եկեղեցին քանդվել է 2024 թ-ի փետրվարին։
Caucasus Heritage Watch-ը X-ի էջում ևս ահազանգում է, որ Բաքուն հիմնահատակ ավերել է հայկական եկեղեցին։ «2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ավերվել է Շուշիի 177-ամյա հուշարձան Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Սա Ադրբեջանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի Արդարադատության միջազգային դատարանի հրամանի կոպտագույն խախտում է»,-ասվում է գրառման մեջ։
Կանաչ ժամը (Կանաչ, որովհետև ժամանակին եկեղեցու գմբեթները կանաչ էին ներկված) կառուցվել է 1818 թվականին նախկին Ղարաբաղցոց փայտյա եկեղեցու փոխարեն: Գեղեցիկ և լավ պահպանված եկեղեցին՝ ներդաշնակորեն վեր խոյացող գմբեթի և մատուռի շնորհիվ տեսանելի էր քաղաքի բոլոր հատվածներից, այն կառուցվել է քաղաքի հյուսիսիային հատվածում:
20-րդ դարի 20-ական թվականներին` խորհրդային կարգերի հաստատվելուն պես, ի թիվս մյուս եկեղեցիների, իր գործունեությունը դադարեցնում է նաև Կանաչ ժամը: Մինչև Շուշիի ազատագրումը եկեղեցին ադրբեջանցիների կողմից ծառայել է որպես առողջարանային համալիրի մի մաս:
Եկեղեցին սկսել է կրկին գործել Արցախյան թեմի կազմավորումից հետո՝ 1995 թվականի փետրվարի 23-ից՝ սրբոց Վարդանանց տոնին: Պատերազմի ավարտից հետո եկեղեցին մի քանի անգամ վերանորգվել էր: Բարեկարգվել էր եկեղեցու տարածքը, կառուցվել էին հովվատունը, գրատունը, ժողովատեղին:
2022թ. հուլիսին Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն ահազանգել էր, որ Կանաչ ժամ եկեղեցին ամբողջովին ավերվել է ադրբեջանցիների կողմից։ Ծառայությունը հայտնել էր, որ այն վերանորոգման անվան տակ վերածվում է ուղղափառ եկեղեցու։