Երևանի քաղաքապետարանը փողոցային առևտուրը կանխելու նպատակով հերթական շրջայցերն էր կատարում։
Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը լրագրողների հետ զրույցում հայտատարեց, որ իրենք բազմաթիվ անգամ զգուշացրել են՝ փողոցում առևտուր չի կարելի անել, բայց միևնույն է՝ դեռևս արդյունք չի տալիս։
«Հիմա ում մոտենանք, կասեն՝ մեզ չեք զգուշացրել, առաջին անգամ ենք լսում, բայց ամեն օր մեք, Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները, հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները, նաև համոզված եմ՝ ոստիկանները, մոտենում, զգուշացնում ենք։ Հիմա մեզ ներքևից տեսել են՝ սկսել են հավաքել»,-ասաց նա։
Արամ Գյուլզադյանը համաձայն է, որ իրենց գնալուց հետո գյուղմթերքով արկղերը կրկին կշարվեն փողոցում։ «Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի 4-ին դրած են լինելու»,-ասաց նա։
Դիտարկմանը, որ եթե օգուտ չի տալիս, արդյո՞ք չի նշանակում, որ այս մեխնիզմը չի աշխատում՝ պաշտոնյան ի պատասխան նշեց, որ առգրավումները պետք է շարունակական բնույթ կրեն։ «Համոզված եղեք՝ դեպքերը կքչանան»,-ասաց նա։
Գյուլզադյանը նշեց, որ այս մարդկանց առաջարկել են՝ հատուկ շուկաներ կան, թվով 26 հատ․ գործունեություն իրականացնեն համապատասխան վայրերում։
«Բայց իրենք այս պայմանները ավելի նպատակահարմար են գտնում»,-ասաց նա։