Ապրիլի 19-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կմեկնի Նիդերլանդներ և մի շարք հանդիպումներ կանցկացնի։ Մանավորապես նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը կհանդիպի Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի և արտգործնախարար Հանկե Բրուինս Սլոթի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Այցի շրջանակներում երկողմ հարաբերությունների հետ մեկտեղ մտքեր կփոխանակվեն Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ։
Միջանկյալ նշենք, որ այս տարի լրանում է Թուրքիայի և Հոլանդիայի միջև կնքված բարեկամության պայմանագրի 100-ամյակը և աշխատանքային պայմանագրի 60-ամյակը։
Նշվում է, որ Նիդեռլանդները 2005-2024թթ ժամանակահատվածում համարվում է ամենամեծ օտարերկրյա ներդրում կատարողը Թուրքիայում՝ մոտավորապես 29 մլրդ դոլարով:
Ըստ աղբյուրի՝ երկու երկրների նպատակն է առևտրի ծավալը, որը այս պահին կազմում է մոտավորապես 12․5 մլրդ դոլար կարճաժամկետ հեռանկարում հասցնել 15 մլրդ դոլարի, իսկ միջնաժամկետում՝ 20 մլրդ դոլարի։