Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը, որի կառուցումը նախատեսված է «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Ակադեմիական քաղաքը լինելու է համալսարանական և հետազոտական կամպուս՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, որն ապահովելու է որակյալ և միջազգային չափանիշներով մրցունակ բարձրագույն կրթության և հետազոտության միջավայր:
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի հանրային շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող գերմանական «Ջիէմփի ինթերնեյշնլ ՋիէմբիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» /gmp International GmbH Architects and Engineers/ ընկերության նախագծային խումբը՝ փոխտնօրեն Թոբիաս Քեյլի գլխավորությամբ, ՀՀ բուհերի ղեկավարներ, շահառու տարբեր կառույցների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
«Ծրագրի բովանդակային բաղադրիչը ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով ամրագրված բուհերի խոշորացման և գիտահետազոտական ինստիտուտների հետ միավորման գործընթացով է պայմանավորված: Ակադեմիական քաղաքը լինելու է այն միջավայրը, որտեղ գործելու են բուհերն ու գիտահետազոտական կազմակերպությունները»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ ծրագրի շուրջ քննարկումները նոր են սկսվում, և առաջիկայում նախատեսվում են առանձին քննարկումներ բուհերի ու գիտական կենտրոնների հետ:
Գերմանական gmp International GmbH Architects and Engineers ճարտարապետական ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, ներկայացնելով ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը, տեղեկացրել է՝ այն ապահովելու է կրթական գործընթացի, հետազոտության և արտադրության միջև ցանցային սերտ համագործակցությունը՝ ներառելով ժամանակակից վիրտուալ, սոցիալական, ինչպես նաև ֆիզիկական ենթակառուցվածքները։
«Հայեցակարգը, որն այսօր ներկայացվում է, մաս է կազմում մի գործընթացի, որը սկսվել է դեռևս նոյեմբերին, և որի առաջին փուլի ավարտին՝ նախորդ տարեվերջին, ձևակերպվել է տեսլականը: Այնուհետև Հայաստան այցի և աշխատաժողովի արդյունքում ձևավորվել է պատկերացումը, թե ինչպիսին կարող է լինել ակադեմիական քաղաքը: Այն ինչ ներկայացվելու է այսօր, դեռևս ոչ թե ծրագրի ավարտն է, այլ գաղափարների համախմբման փուլի ամփոփումը»,- ասել է Թոբիաս Քեյլը:
Թոբիաս Քեյլի խոսքով՝ տեսլականի մշակումն իրականացվել է տեղադիրքին ներկայացվող պահանջների, ենթակառուցվածքների հասանելիության, տարբեր կլաստերների համար կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկություների, ինչպես նաև հնարավոր սոցիալական ազդեցության և տնտեսական գործոնների համապարփակ ուսումնասիրության արդյունքում: Քեյլը շեշտել է, որ տեղադիրքի ընտրության հարցում հաշվի են առնվել նաև Հայաստանի Հանրապետության մասշտաբները, Երևանի կենտրոնին մոտ լինելու, հարակից բնակավայրերը միմյանց կապելու և միաժամանակ հանրապետության բնակչության մեծ մասին հասանելի լինելու հանգամանքները։
Նրա խոսքով՝ ակադեմիական քաղաքը կհանդիսանա մշակութային և մտավոր ժամանցի միջավայր ուսանողների, դասախոսների, հետազոտողների և լայն հանրության համար՝ հաշվի առնելով, որ քաղաքում պլանավորվում է տեղակայել բազմաֆունկցիոնալ թատրոն-կինոթատրոն-համերգասրահ, մինչև 35 հազար հանդիսատեսի հնարավորությամբ Ազգային ստադիոն, հանրային ընդարձակ միջավայրեր՝ մարզական ենթակառուցվածքներ, կանաչ տարածքներ, ջրավազաններ, գրադարաններ։
Ավելին՝ https://escs.am/am/news/21723