Եվրամիությունը կստեղծի արագ արձագանքման ուժեր՝ դաշինքի անդամ երկրների պաշտպանության համար։ Դրա մասին հունական Ekathimerini պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։
«Ըստ իս, ԵՄ [միասնական] բանակի մասին խոսակցություններն անհարկի շփոթություն են առաջացնում, քանի որ դա ենթադրում է ազգային բանակների միաձուլում, և ես չեմ կարծում, որ դա երբևէ տեղի կունենա: Այդուհանդերձ, ԵՄ-ն եվրոպական ռազմական ներուժի՝ արագ արձագանքման ուժերի ձևավորման փուլում է։ Ես դրանք անվանում եմ «Եվրոպական լեգեոն»,- նշել է նախարարը:
Սիկորսկին նոր ռազմական կառույց ստեղծելու անհրաժեշտությունը հիմնավորել է նրանով, որ ԱՄՆ-ն առճակատման մեջ է Չինաստանի հետ։ Ըստ նրա՝ Եվրոպան չպետք է հույսը դնի դաշնակիցների վրա, այլ «ավելի շատ բեռ վերցնի» պաշտպանության հարցերում։
Ավելի վաղ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, թե մոտ ապագայում ԵՄ-ն միասնական բանակ չի ունենա։ Ըստ Բորելի՝ ԵՄ անդամ երկրները չեն ցանկանում պաշտպանության ոլորտում լիազորությունները փոխանցել Եվրամիության ինստիտուտներին։