Այսօր՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Քոչարյան փողոցում գործող «МЯТА LOUNGE» սրճարանի ապակյա դուռը կոտրել են և ներսում վիճաբանություն է տեղի ունենում: Հայտնում է Shamshyan-ը։
Տեղում նույն վաշտի պարեկ Վահրամ Գալստայնն ու կրտսեր պարեկ Թելման Ասատրյանը կարողանում են ճիշտ կողմնորոշվել, ու նշված վայրից խուլիգանություն և գույքի դիտավորյալ վնասում կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխում 2 քաղաքացու:
Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք Հայաստանի և ՌԴ քաղաքացիներ՝ Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Վահե Հ-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Լևոն Կ-ն են:
Բերման ենթարկվածները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են ոչ սթափ, իսկ Վահե Հ.-ն կասկածվում է ապակին կոտրելու մեջ:
Նրանք իրենց այդ քայլը պատճառաբանել են նրանով, որ Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել են Հայաստան, սրճարանի վերևի հարկերից մեկում բնակվում են ու սրճարանի աղմուկը խանգարում է իրենց անդորրը: