00:00:00

«Եվրաջասթի» համաձայնագրով մեկ քայլ մոտենում ենք ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացմանը․ Միրզոյան

20:08, 05 ապրիլ 2024 Քաղաքականություն

«Եվրաջասթի» հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ինչպես նաև ԵՄ և Բելգիայի պաշտոնյաներն իրենց խոսքում ընդգծել են, որ Հայաստանն առաջինն էր, որ 2021թ. սկսեց բանակցությունները համաձայնագրի կնքման շուրջ և այսօր՝ բանակցությունների հաջող ավարտից հետո, առաջինն է, որ ստորագրում է այն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ստորև ներկայացնում ենք նախարար Միրզոյանի խոսքն ամբողջությամբ:

«Մեծարգո՛ նախարար,

Հարգելի՛ հանձնակատար,

Հարգելի՛ նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Իսկապես ուրախ եմ այսօր ստորագրել այս համաձայնագիրը, որն ուղղված է արդարադատության, օրենքի գերակայության ոլորտներում և անդրազգային ծանր հանցագործությունների դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության հետագա ամրապնդմանը։

Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտության խոսքերն ուղղել ԵՄ կառույցների բոլոր գործընկերներին, Բելգիայի նախագահությանը և նախագահ Համրանին՝ իր անձնական ներդրման համար, ինչպես նաև ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների գործընկերներին այս բանակցությունները հաջողությամբ վարելու համար։ Ինչպես արդեն ասվեց, Հայաստանն ի սկզբանե շահագրգռված էր ստորագրել այս համաձայնագիրը, մենք առաջինն էինք, որ սկսեցինք բանակցությունները, և ես հպարտ եմ, որ մենք առաջինն ենք ավարտել բանակցությունները և ստորագրում ենք համաձայնագիրը:

Բացի այդ, ուզում եմ ընդգծել, որ մենք արդեն ունեինք սերտ համագործակցություն «Եվրաջասթ», ինչպես նաև «Եվրոպոլ» գործակալությունների հետ նույնիսկ առանց այս համաձայնագրի, բայց հիմա այս համաձայնագիրն ամրապնդում և ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դնում մեր համագործակցությունը։

Այս համաձայնագրի ստորագրումով մենք նաև մեկ քայլ մոտենում ենք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացմանը, բայց սա նաև դռներ է բացում փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նոր հնարավորությունների համար, ինչպես քննարկեցինք ավելի վաղ:

Այս համաձայնագիրն անփոխարինելի դեր կունենա Հայաստանի և Եվրոպական միության իրավասու մարմինների միջև ոլորտային համագործակցության խթանման հարցում, որի նպատակն է նպաստել փոխադարձ իրավական օգնությանը, համատեղ հետաքննության ռազմավարությունների մշակմանը և արդարադատական հարցերի հասցեագրմանն աջակցելուն: Հատկանշական է, որ «Եվրոպոլ» գործակալության հետ մենք արդեն մի քանի փաստաթղթեր ենք ստորագրել, որոնք այս օրերին անցնում ենք մեր խորհրդարանի կողմից վավերացման փուլը։

Շնորհավորում եմ և շնորհակալություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր