Պաշտոնապես Ադրբեջանում պահվում են 23 հայեր, որոնք չունեն նույնական իրավական կարգավիճակ. հրավիրված ասուլիսին հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Նրանց մի մասը զինվորականներ են և որակվում են որպես ռազմագերիներ, ունենք նաև քաղաքացիական գերիներ և նաև Արցախի Հանրապետության նախկին ղեկավարներ, ովքեր իրենց գործունեության և տեսակետների համար են հետապնդվում, ուստի դիտարկվում են որպես քաղբանտարկյալներ։ Այս բոլոր գործընթացներում էական նշանակություն ունի էթնիկ պատկանելիության հատկանիշը»,-ասաց նա։
Ըստ Սահակյանի՝ Ադրբեջանը նրանց ներկայացնում է որպես հասարակ հանցագործներ՝ ֆինանսական ահաբեկչություն, զինվորական ապօրինի խմբավորումներ ստեղծելու, զինելու, ապօրինի խոշտանգման, և այլնի համար, և հարցը ներկայացնում է ներպետական կարգավումների կոնտեքստում։
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչը նշեց, որ կան նաև բռնի անհետացման ենթարկված գերիներ։
«Մենք չունենք տեղեկություն 2023թ.-ի պատերազմի հետևանքով բռնի անհետացման դեպքերի մասին, բայց շուրջ 80 գործ ունենք դեռևս 44-օրյա պատերազմից, և այստեղ Ադրբեջանն ունի մերժողական քաղաքականություն, որևէ կերպ չի ցանկանում հետաքննության միջոցով բացահայտել դեպքերը և ճշմարտության իրավունքն ապահովել ընտանիքներին»,-ասաց նա և նշեց, որ անհետ կորածների խնդիրը ևս շարունակվում են չլուծված մնալ։
Սահակյանը նշեց, որ շուրջ 210 գերեվարված անձինք Ադրբեջանից հայրենադարձվել են։