Ալիևի ռեժիմը և նրա դաշնակիցները ցանկանում են հարձակվել Հայաստանի վրա՝ փորձելով խափանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը։
«Զատիկին Ալիևի ռեժիմը և նրա դաշնակիցները ցանկանում են հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի խափանեն Նիկոլ Փաշինյանի և պետքարտուղար Բլինկենի և Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը՝ ուղղված Հայաստանի զարգացմանն ու կայունությանը», - գրել է դեսպան Բալայանը:
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին արտառոց տեղաշարժ չի նկատվել։
Հիշեցնենք` Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն էր տարածել, որին արձագանքել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը` ընդգծելով, որ սահմանին իրավիճակը կայուն է:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը»,- նշել էին ՊՆ-ից: