Մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի Թևոսյան փողոցի թիվ 8 հասցեում գործող «Արթուր Աբրահամյան» ԱՁ գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների պայթյունի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն գազալցակայանին պատճառվել է նյութական վնաս։
Թե ի՞նչն է եղել պայթյունի պատճառը՝ պարզվում է։
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, գազալցակայանում տեղի է ունեցել մեթան գազի գլանատակառի (250 լիտր) պայթյուն, ինչից վնասվել են լցակայանի շինության երկու պատուհանի ապակիներ, երկու դուռ, վնասվել են ճնշակի (կոմպրեսոր) խողովակները․ տուժածներ չկան։
Փրկարարներն իրականացրել են անվտանգության ապահովման գործողություններ։