Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հայտարարությունը․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության մեկնարկած արշավի արդյունքում միասին կարողացել ենք հասնել ՀՀ Կառավարության կողմից մշակված բնակարանային ծրագրի անընդունելի նախագծի կասեցմանը և հասնել որոշ հաջողությունների։
Վերջին օրերին ՀՀ Կառավարությունը հայտարարեց, որ՝
1. լայն քննարկումներ կսկսեն Արցախի ժողովրդի հետ՝ նրանց տեղավորված վայրերում.
2. բնակվարձի ու կոմունալ ծախսերի համար աջակցության (40,000+10,000 դրամ) ծրագիրն՝ առանց փոփոխության կշարունակեն մինչև տարեվերջ՝ նախկին կրճատումների փոխարեն:
Ողջունելի է, որ ՀՀ կառավարությունը վերջապես արցախցիների հետ քննարկում է իրենց վերաբերող հարցերը, սակայն տարակուսելի է, թե ինչ մեթոդներով են ընտրում հանրային շրջանակների ներկայացուցիչներին: Հաշվի առնելով Նախաձեռնության հասարակական ու ներկայացուցչական բնույթը և հանրահավաքի բազմամարդությունը՝ անառարկելի է, որ բազմաթիվ արցախցիների կողմից Նախաձեռնությունը լիազորված է հասարակական հիմունքներով ներկայացնել նրանց ձայնն ու շահերը: Այնինչ, տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ կառավարությունը դիտավորյալ կերպով չի ցանկանում հրավիրել Նախաձեռնության ներկայացուցիչներին հանրային քննարկման՝ հերթական անգամ խախտելով ներառականության սկզբունքը և ձևացնելով կեղծ ներառականություն:
Ինչ վերաբերում է բնակվարձի ու կոմունալ ծախսերի համար աջակցության ծրագրի ժամկետի երկարաձգմանը, ապա ողջունելի որոշում է, սակայն կսպասենք դրա պաշտոնական ընդունմանը: Ի դեպ, պատահական չէ, որ այս հայտարարությունն արել են հանրահավաքից ընդամենը մեկ օր առաջ՝ ենթադրաբար հանրահավաքի մասնակցության վերաբերյալ մարդկանց որոշման վրա ազդելու նպատակով։
Ամեն դեպքում, հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից ներկայացվող՝ բնակապահովման ծրագրի մի շարք այլ էական դրույթներ՝ նույնիսկ վերանայված ծրագիրն անընդունելի է Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության համար։
‼️
Խիստ հրատապ ենք համարում բնակարանային հարցը, քանի որ ամեն օր և ամեն ժամ մեր հայրենակիցների բազմաթիվ ընտանիքներ են արտագաղթում Հայաստանի Հանրապետությունից։
‼️
Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում մարտի 20-ի հանրահավաքին ներկայացած մեր հայրենակիցներին, մեր պայքարը շարունակվում է, քանի դեռ բռնի տեղահանված Արցախի ժողովրդին չեն առաջարկվել արժանապատիվ ու ապահով լուծումներ՝ մեր հավաքական վերադարձի տեսլականով:
‼️
Հանրահավաքի հայտարարությունը հանրագրի տեսքով մարտի 21-ին հանձնվել է ՀՀ կառավարություն՝ այն համարելով մեր դիրքորոշումների հիմնական փաստաթուղթը»: