Հունվար ամսվա վերջին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը շտապեց ասուլիսի ձեւաչափով «ավետել» այն մասին, թե Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինդեքսի համատեքստում բարելավել է իր դիրքը։
Վերջինս ներկայացրեց տարբեր ցուցանիշներ, հաշվարկներ, համեմատականներ տարածաշրջանի այլ երկրների հետ՝ հիմնվելով իրենց իսկ կառույցի կողմից հրապարակված զեկույցի վրա, սակայն որքան էլ փորձ կատարվեց նախորդ տարվա կտրվածքով Հայաստանում կոռուպցիայի դեմ ընթացող պայքարը ներկայացնել դրական լույսի ներքո, անգամ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ը չկարողացավ լռել, որ վերջին շրջանում պայքարի առաջընթացն իրականում կանգ է առել առաջին հերթին բարեփոխումների սահմանափակ ծավալների պատճառով՝ ի տարբերություն 2018թ.-ին հաջորդած երկու տարիների, երբ Հայաստանն ականատես եղավ «ժողովրդավարական եւ հակակոռուպցիոն զգալի բարեփոխումների». այս ձեւակերպումը վերցված է հենց Հոկտանյանի ասուլիսից, նույն ձեւակերպումը հնարավոր է տեսնել նաեւ «Կոռուպցիայի ընկալման ինդեքս – 2023» հրապարակված զեկույցում։
Փաստացի «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի զեկույցն արձանագրում է, որ Հայաստանի 2023թ. կոռուպցիայի ընկալման ինդեքսը 1 միավորով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշին (100-միավորանոց համակարգում մեր երկիրն ունի 47 միավոր), ինչպես նաեւ 1 հորիզոնականով բարելավվել է Հայաստանի դիրքը համաշխարհային վարկանիշային աղյուսակում (2023թ.-ին Հայաստանը 62-րդ տեղում է), սակայն թվային պատկերների առաջընթացներին զուգահեռ խոսվում է կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացի հետընթացի մասին, ինչն արդեն իսկ տարակուսանք եւ անվստահություն է առաջացնում հրապարակված զեկույցի հանդեպ։
Եթե զեկույցի տրամաբանությամբ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում կոռուպցիայի ընկալման ասպարեզում, թեկուզ փոքր, բայց որոշակի առաջընթաց է գրանցվել, ապա ինչո՞ւ է հենց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» զեկույցում խոսվում այն մասին, որ Հայաստանի կոռուպցիայի ընկալման ինդեքսի այս աճը վիճակագրորեն նշանակալի չէ կամ գտնվում է վիճակագրական սխալի սահմաններում, քանի որ ինդեքսի հաշվարկման համար կիրառվող վիճակագրական մեթոդներով ստացված բավական մեծ ստանդարտ սխալի պատճառով անցանկալի մեծ է ստացվել նաեւ վստահության միջակայքը:
Հայաստանի կոռուպցիայի ընկալման ինդեքսը հաշվարկվել է որպես 6 արտաքին աղբյուրների տվյալներով հաշվարկված ենթաինդեքսների միջին թվաբանական։ Կոռուպցիայի ընկալման ինդեքսի հաշվարկի համար կիրառված վեց ենթաինդեքսներից երկուսը աճել են։
Դրանցից առաջինը (Բերթելսմանի հիմնադրամի տրանսֆորմացիոն համաթիվը) նախորդ տարվա համեմատ աճել է 4 միավորով։ Այն հաշվարկվում է հետեւյալ երկու հարցերի վերաբերյալ փորձագետների գնահատականների միջինի հիման վրա.
1.Որքանո՞վ են պատասխանատվության ենթարկվում կամ պատժվում իրենց պաշտոնը չարաշահած պետական պաշտոնատար անձինք։
2.Որքանո՞վ է հաջողված կառավարության հակակոռուպցիոն պայքարը: Անհասկանալի է, թե
Հայաստանի դեպքում այս համաթիվն ինչպե՞ս կարող էր աճել (այն էլ միանգամից 4 միավորով) այն պարագայում, երբ հենց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» զեկույցի մեջ է նշված, որ Հայաստանում 2018թ.-ին հաջորդած առաջին երկու տարիներին «ժողովրդավարական եւ հակակոռուպցիոն բարեփոխումների ասպարեզում արձանագրված զգալի առաջընթացը հետագա տարիներին կանգ է առել»։
Այս հայտարարությունից, ընդհակառակը, կարելի էր առնվազն ակնկալել, որ այս համաթիվը լավագույն դեպքում նույնն է մնացել, սակայն իրականում նվազումն ավելի սպասելի կլիներ։ Աճ ապահոված հաջորդ ենթաինդեքսը (Համաշխարհային տնտեսական ֆորումի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցման ենթաինդեքս) աճել է ընդամենը 1 միավորով՝ այն դեպքում, երբ նախորդ տարի այն բավական կտրուկ՝ 13 միավորով նվազել էր։
Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները՝ կարելի էր ենթադրել, որ Հայաստանի 2023թ. կոռուպցիայի ընկալման ինդեքսը չպետք է աճ ունենար։ Ավելին, նկատի ունենալով «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» փաստումն այն մասին, որ Հայաստանի դեպքում մեծ ստանդարտ սխալի պատճառով վստահության միջակայքն անցանկալի «լայն» է ստացվել՝ նույնիսկ չէր կարելի բացառել կոռուպցիայի ընկալման ասպարեզում Հայաստանի վիճակի վատթարացումը։ Ինդեքսի հաշվարկման հիմքում կիրառված մնացած չորս ենթաինդեքսների արժեքները նախորդ տարվա համեմատ չեն փոխվել։
Նույնիսկ Հայաստանի համար հաշվարկված կոռուպցիայի ընկալման 47 միավորը չվիճարկելու պարագայում ստացվում է, որ, չնայած կոռուպցիայի նկատմամբ «զրո հանդուրժողականության» մասին հայաստանյան գործող իշխանությունների մշտապես արվող հայտարարություններին, վերջին երեք տարիներին վիճակի էական բարելավում չի արձանագրվել:
Ավելին, իշխանության տարբեր ատյաններից հնչող բարձրագոչ արտահայտությունները՝ «կոռուպցիայի վերացում», «կոռուպցիայի ոչնչացում» եւ այլն, տարակուսանքով են ընդունվում նույնիսկ հենց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» ներկայացուցիչների կողմից։ Ի դեպ, լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» հայաստանյան հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վ. Հոկտանյանն ինքն է նշել, որ միայն օրենքների ընդունումը բավական չէ՝ դրանք պետք է կյանքի կոչել, իսկ դրա համար անհրաժեշտ են ռեսուրսներ եւ քաղաքական կամք։ «Խնդիրն այն է, որ կարող են լավ օրենքներ ընդունել, բայց պետք է քաղաքական կամք, որ այդ օրենքները կյանքի կոչվեն։ Կամք եւ ռեսուրներ են պետք, ինչպես նաեւ ռեսուրսները տեղաբաշխել այնպես, որ արդյունք լինի։
Մինչեւ չարվեն լրջագույն քաղաքական, տնտեսական, սոցիալական բարեփոխումներ, մենք կոռուպցիայի դեմ պայքարում իրավիճակի լավացում չենք գրանցի»։ Վարուժան Հոկտանյանը լրագրողի հարցին, թե վարչապետը կառավարության նիստերից մեկում հայտարարեց՝ որտեղ պատահի կաշառք են վերցնում, ապա սլաքներն ուղղեց դատաիրավական համակարգին, ո՞վ է մեղավոր՝ իսկապե՞ս դատաիրավական համակարգը, թե՞ քաղաքական իշխանությունը, Հոկտանյանը պատասխանեց, որ եթե քաղաքական թիմն իր տեղում լինի, ապա այդ խնդիրը կչեզոքացնի, միայն մեղադրել համակարգին ճիշտ չէ, մեղավոր է նաեւ քաղաքական իշխանությունը։
«Եթե ասվում է, որ յուրաքանչյուր քայլի կաշառք են վերցնում, ապա որոշակի խմբերի դա շահավետ է։ Եվ մեղավոր է դրանում նաեւ կառավարող քաղաքական թիմը։ Հասարակությունը եւ ընդդիմությունն, իրենց հերթին, պետք է հետեւեն, թե ինչպես են իրականացվում բոլոր բարեփոխումները»։
Շատ լավ, եկե’ք խոսենք քաղաքական կամքի մասին։ Ներքին գործերի նախարարությունը 2023 թվականն ամփոփելիս նշել էր, որ նախորդ տարվա 12 ամիսների ընթացքում հայտնաբերվել է 1404 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, որից 574-ը կաշառակերության դեպքեր են: Բոլորս էլ հասկանում ենք, որ սրանք շատ մանր դեպքեր են։
Իսկ ի՞նչ պատկեր ենք ունեցել նախորդ տարի խոշոր կոռուպցիոն գործարքների ու պաշտոնական դիրքերի չարաշահումների համատեքստում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.aravot.am