Փաստացի ուղիղ կամ անուղղակի կարող ենք միլիարդ ծախսել, երիտասարդներին ուղարկել արտասահման սովորելու, և բոլորը կծափահարեն. Հետո ոչ մեկը չի հարցնի՝ այդ երիտասարդների քանի՞ տոկոսը հետ եկավ:
Այս մասին փետրվարի 20-ին, ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որովհետև առաջնային նպատակն այն է, որ իրենք գան Հայաստանում աշխատեն, որ մեր այս պրոբլեմների մի մասն իրենց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ լուծվեն, այսինքն՝ Կառավարությանը, պետությանն օգնեն, լուծել: Դա կարող է տեղի ունենալ պետական, մասնավոր համակարգերում աշխատելով:
Իսկ լավ, այս գումարը ծախսեցինք, իսկ ի՞նչ ստացանք արդյունքում: Կարող ենք ստանալ նաև այն, որ մեր ևս մի հայրենակից ինչ-որ մի երկրում շատ մեծ հաջողությունների է հասել, ինչի համար շատ ուրախ ենք, շատ բավարարված ենք, շատ լավ է, բայց դա, այնուամենայնիվ, այն նպատակը չէ, որով պետական բյուջեն պետք է ծախս անի:
Պետք է վերադարձի մեխանիզմը հասկանանք ինչպես է, մարդը ոնց է վերադառնում: Ու այստեղ նորից հանրային կառավարման բարեփոխումների մասին է խոսքը, որովհետև եթե մարդը գնաց, ենթադրենք սովորեց, Օքսֆորդն ավարտեց, ինքը չի գալու 200, 300 հազար դրամով նախարարությունում վարչության պետ աշխատի: Չի աշխատելու»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: