00:00:00

Ադրբեջանը պղծում է հայկական գերեզմանները Լեռնային Ղարաբաղում. Բելգիայում Հայաստանի դեսպան

19:58, 19 փետրվար 2024 Լեռնային Ղարաբաղ

 Ադրբեջանը պղծում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի գերեզմանները և սկսել է ոչնչացնել շրջանի նախկին հայ բնակչությանը պատկանող կրոնական հուշարձանները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «Brussels Signal»-ի հետ զրույցում հայտնել է Բելգիայում Հայաստանի դեսպան, Եվրամիությունում Հայաստանի առաքելության ղեկավար Տիգրան Բալայանը՝  հավելելով, որ հայկական կողմն ունի բազմաթիվ տեսանյութեր և ֆոտոապացույցներ, թե ինչպես են ադրբեջանցիներն ավերում հայկական գյուղերի գերեզմանատներն ու եկեղեցիները։

Բալայանը հայտնել է, որ վանդալիզմի արդյունքում ավերվել է նաև իր հայրենի գյուղի եկեղեցին։ Ադրբեջանը հանել է նաև հայկական խորհրդանիշներն ավելի մեծ շենքերից։ «Լեռնային Ղարաբաղի բոլոր հայկական եկեղեցիներից բոլոր խաչերը հանվել են օկուպանտ զինվորների կողմից»,- ասել է նա։

Բելգիական լրատվամիջոցը նշել է, որ Բալայանի պնդումները կտրուկ հակադրվում են վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի պաշտոնյաների կողմից արված հայտարարություններին, և հավելել է, որ կովկասյան երկու երկրների միջև լարվածությունը կրկին սրվեց, երբ սահմանին տեղի ունեցած բախման հետևանքով սպանվեցին չորս հայ զինծառայողներ։

«Brussels Signal»-ի հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովն իր հերթին պնդել է, որ իր երկիրը հավատարիմ է մնում վիճելի տարածքում էթնիկ հայերի իրավունքների պաշտպանությանը, և հայտնել է, որ Ադրբեջանը կողջունի էթնիկ հայերի վերադարձը, ովքեր լքել են տարածաշրջանը՝ նկարագրելով նրանց որպես Ադրբեջանի քաղաքացիներ, ինչպես երկրի մյուս էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներն են:

Բալայանի հավաստմամբ՝ Ադրբեջանն իրականում աշխատել է կանխել էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ և վարել է հայ բնակչության էթնիկ զտման քաղաքականություն։ «Որոշ մարդկանց կողմից վերադառնալու փորձեր եղան, բայց նրանք մերժվել են Ադրբեջանի կողմից»,- ասել է Բելգիայում Հայաստանի դեսպանն ու Եվրամիությունում Հայաստանի առաքելության ղեկավարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր