ԲիՕՋիՋի Խումբը` Bank of Georgia Group PLC-ն (Վրաստանի բանկը) բանակցություններ է վարում Ամերիաբանկը ձեռք բերելու համար։ Այս մասին օրեր առաջ հայտարարել էր ԲիՕՋիՋի խմբի մամուլի ծառայությունը։
Մի շարք հայկական լրատվամիջոցներում էլ զուգահեռ տեղեկություններ շրջանառվեցին, թե վրացական բանկում՝ ադրբեջանական կապիտալ կա և խիստ վտանգավոր կարող է լինել այդ գործարքը։
Մինչդեռ վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, ով ուսումնասիրել է Վրաստանի բանկի հիմնադիրներին ու կառուցվածքը, հայտարարում է, որ տվյալ բանկի հետ ադրբեջանական կողմը որեւէ կապ չունի։ «Ես հետաքրքրվեցի և որեւէ ադրբեջանական կապիտալ չտեսա։ Ես հլը որ չեմ շտապի, էդ ցուցակներն ունեմ կառավարիչների, բաժնետերերի։ Ասեմ ձեզ հիմնականում ամերիկյան և բրիտանական կապիտալով լուրջ բանկ է երևում, և իհարկե նա հիմնականում Վրաստանի տարածքում է գործունեություն իրականացնում, բայց լուրջ բանկ է երևում, գոնե՝ լուրջ բաժնետերով և արևմտյան կապիտալով։
Եթե դուք ունեք տեղեկություն, ոչ թե ավել– պակաս խոսեք, այլ հրապարակեք ադրբեջանական կապիտալի հետքը, մենք էլ տեսնենք և մեր ալիքով ասենք ճիշտ է։ Այն, ինչ տեսել եմ, կարող եմ ասել լուրջ բանկ է, ավելին ասեմ` այնտեղ հայ կա բաժնետերերի, թե կառավարչիների մեջ՝ Արշակունի ազգանունով, հետևաբար ես որեւէ վտանգ չեմ տեսնում»,– ուղիղ եթերում ասել է Արմեն Չիբուխչյանը։ Նշենք, որ Վրաստանի բանկն այս պահին քննարկումներ է անցկացնում Ամերիաբանկի բաժնետերերի հետ։
«Ենթադրվում է, որ տվյալ գործարքը կֆինանսավորվի «Bank of Georgia Group PLC»–ի ավելցուկային կապիտալով՝ առանց ընկերության շահաբաժինների և կապիտալի բաշխման քաղաքականության փոփոխության»,– ասված է հաղորդագրության մեջ: Ըստ Վրաստանի բանկի` դա կլինի 1–ին դասի գործարք՝ համաձայն Մեծ Բրիտանիայի FCA-ի ցուցակման կանոնների. ընկերությունը, ըստ անհրաժեշտության, բաժնետերերին կտեղեկացնի ձեռք բերելու հետ կապված առաջընթացի մասին:
Հիշեցնենք, որ այժմ Ամերիաբանկի բաժնետերերն են «Իմաստ Գրուպ» ընկերությունը (նախկին «Ամերիա Գրուպը», որի բաժնետոմսերի 48,82%–ը հիմնադրվել է Ռուբեն Վարդանյանի կողմից), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (17,71 %), Ասիական զարգացման բանկը (13,91 %), ինչպես նաև «ESPS Group»–ը, որում ընդգրկված են «Ameria Group»–ի մի շարք մենեջերներ (12,05%): 2023 թ. տարեվերջի դրությամբ Ամերիաբանկի ակտիվները կազմել են 1 տրլն 410 մլրդ դրամ։ Ակտիվների ծավալով բանկը տարիներ շարունակ ՀՀ–ում առաջատարն էր։
Տեսանյութը՝ դիտել 00։57 րոպեից