Երեկ՝ փետրվարի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 60-ամյա Ժորա Գ․-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Ենոքավան բնակավայրի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մ գլորվելով բախվել ծառերին և հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ժորա Գ․-ն տեղում մահացել է։ Նրա դին դուրս են բերել գյուղացիները և մեծ դժվարությամբ պատգարակով մոտեցրել դիատարին։
Վթարի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր Ենոքավան բնակավայրի հիմնական դպրոցում՝ որպես ռազմագիտության ուսուցիչ։