Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Գյումրիում գործող հագուստի «Ֆաբրիկա» խանութների ցանցի Շահումյանի մասնաճյուղում: Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ:
ՇՄ փրկարարական վարչությունից հայտնել են, որ 10:30-ին ստացած ահազանգին արագ արձագանքել են: Արդեն 10:39-ին հնարավոր է եղել հրդեհը մեկուսացնել, 10:48-ին՝ մարել:
Նախնական տեղեկությունների համաձայն, հրդեհը բռնկվել է էլեկտրական հոսանքի լարերից: Այրվել է հոսանքի վահանակը, փայտե դարակաշարը: Փրկարարական վարչության ծառայողները տարհանում չեն կազմակերպել, խանութի աշխատակիցները եղել են դրսում:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան, վնասի չափերն ու հրդեհի պատճառները ճշտվում են: