Երեկ՝ հունվարի 1-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հերթական անգամ Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 10-րդ, 9-րդ, 4-րդ և 1-ին, հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկներ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը՝ խմբի պետ Մարդանյանի գլխավորությամբ։ Լրացուցիչ ժամանել են նաև ջրատարներ։
Կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից և հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ էին կարողանում կրակի դեմն առնել, քանի որ քամին իր «սև գործն» էր անում, իսկ աղբն էլ, քանի որ ամբողջովին նեխած էր, հրշեջ-փրկարարները շատ դեպքերում սայթաքում էին։
Հրշեջները կրակի դեմ պայքարում էին մի քանի ժամ և ժամը 23։50-ի սահմաններում հաջողվեց մեկուսացնել և մարել կրակը։ Այրվել է մոտ 2000 քառ․ մ․ տարածքում կուտակված աղբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից 21 փրկարար և տեղում օգտագործվել է մոտ 86 տոննա ջուր։
Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մի քանի հրշեջների ինքնազգացողությունը վատացավ, ինչի համար դեպքի վայր ժամանեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր տեղում մի քանիսին առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին, իսկ 2 հրշեջ փրկարարի տեղափոխեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ համապատասխան բուժօգնություն ստանալու նպատակով։