ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող խանութում 2 երիտասարդ կանանց նկատմամբ՝ հրազենի կիրառմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի նախաքննությունը։
2023 թվականի սեպտեմբերի 2-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքներով Վանաձոր բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 կին։
Ահազանգով հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Վանաձոր քաղաքի 24 և 33-ամյա բնակչուհիները հիշյալ վնասվածքները ստացել են իրենց խանութի ուղղությամբ հնչած կրակոցների հետևանքով։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ նշված հանցագործությունը կատարվել է վրեժխնդրության շարժառիթով։
Մասնավորապես, Վանաձոր քաղաքի 40-ամյա բնակիչը համաքաղաքացու հետ ունենալով անձնական հարցերի հետ կապված անբարյացկամ փոխհարաբերություններ, նրանից վրեժ լուծելու նպատակով, 2023 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում իր մտերիմի վարած ավտոմեքենայով գնացել է համաքաղաքացու ընտանիքին պատկանող մթերային խանութ։
Այնուհետև, իր գործողություններով իրական սպառնալիք ստեղծելով տարածքում գտնվողների կյանքի ու առողջության համար՝ իր մոտ ապօրինի պահվող, ռազմամթերք հանդիսացող՝ «ПМ» և «АПС» տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված գործարանային արտադրության փամփուշտներով լիցքավորված հրազենից կրակոցներ է արձակել համաքաղաքացու կնոջ ու եղբոր կնոջ ուղղությամբ՝ վերջիններիս պատճառելով հրազենային վնասվածքներ, վնասելով նաև խանութի ապակիներն ու ներսի գույքը։
Նշված 2 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հետագայում 40-ամյա տղամարդու մտերիմի մասով նշված խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով և 4.000.000 ՀՀ դրամ գրավով։
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: