Մեկ վայրում` Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում էին հավաքվել մի քանի տասնյակ արցախցի փոքրիկներ` իրարից կարոտն առնելու։ Արցախի թեմի կիրակնօրյա դպրոցների սաներն էին` Վաղուհաս, Քոլատակ, Շահմասուր գյուղերից։ Հանդիպման նպատակը համախմբվածությունը պահելն էր։ Միջոցառումն առանց ամանորյա անակնկալների չի անցել․ 60 երեխայի սպասում էին տոնածառի տակ դրված նվերները։ Գրում է Qahana.am-ը։
Հանդիպմանը ներկա են եղել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը, Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։ Միջոցառումը մեկնարկել է աղոթքով։
Սրբազան Հայրը շեշտել է՝ պիտի արժևորենք այն կարևորը, որ մեզ տվեց Աստված՝ կյանքը․ «Պետք է հաստատուն պահենք մեր վերադարձը Արցախ և այն ամրագրենք որպես հաղթական վերադարձ։ 2024 թվականի մեր կարգախոսը պիտի այդպիսին լինի՝ վերադարձ Արցախ։ Այդ գաղափարը պիտի դառնա ապրելակերպ»։
Սրբազան Հայրը հավելել է՝ այդ գործում մեծ դեր ունեն նաև երեխաները։ Հորդորել է բոլոր արցախահայերին՝ չարտագաղթել Մայր Հայաստանից, այստեղ կարող են համախմբված, միասնական լինել մինչև տուն վերադառնալը։
«Մենք կորցրինք մեր չքնաղ Արցախը՝ մեր հայրենիքը, բայց չկորցրինք հույսը, որ պիտի վերադառնանք»,- ընդգծել է Տեր Հովհաննեսը, որ Դադիվանքի նախկին վանահայրն էր։
Տեր Հովհաննեսը կոչ է արել երեխաներին՝ հաճախել իրենց համայնքներում գործող եկեղեցիների կիրակնօրյա դպրոցներ։ Միևնույն ժամանակ ներկաներն ընդգծել են Արցախի թեմի կիրակնօրյա դպրոցները պահպանելու անհրաժեշտության մասին, որը նաև համախմբող դեր ունի։
Հանդիպմանը դրամական օգնություն է ցուցաբերվել պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքներին։
Նվերները ու դրամական աջակցությունը տրամադրվել են բարերարներ Վարդան Մանուկյանի և Գրեգորի Հայրապետյանի հովանավորությամբ։