00:00:00

«Հրամանատարների ձեռքով է, որ երեխան չկա». Կութ գյուղի դիրքերից անհետ կորած զինվորի գործը վերաբացվել ու կրկին կարճվել է

20:05, 28 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Շուրջ 2 տարի 7 ամիս անհետ կորած համարվող ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի կողմից զորամասն ինքնակամ լքելու փաստով նախաձեռնված քրեական վարույթը վերաբացվել և կրկին կարճվել է, ինչը հարազատների դժգոհությունն է առաջացրել։ NEWS.am-ի հետ զրույցում անհետ կորած զինծառայողի պապը՝ Նորիկ Աղաբաբյանը, վստահեցնում է, որ նախաքննական մարմինը դիտավորությամբ է կարճել քրեական վարույթը։

«Առանց քննություն անցկացնելու գործը կարճեցին, բոլոր մեղավորները իրենց համար ման են գալիս, իսկ իմ թոռը անհետ կորեց։ Գործով քննիչը փոխվեց, դիմել եմ դատախազություն, որ բացեն գործը, նորից քննեն, նոր քննիչը բացել է գործը ու նորից փակել։ Մինչև հիմա ոչ մի տեղեկություն չունենք։ Ամբողջ մեղավորությունը գցել են երեխու վրա, իբր նա դիրքը թողել ու փախել է, առանց քննության, առանց մեղադրյալ գտնելու այսպես փակեցին, գնաց, իսկ երեխան չկա ու չկա»,- պատմեց Նորիկի պապը։

Նա ասաց, որ իրենց երեկ այցելել են Կարմիր խաչից, ասել, որ ադրբեջանական կողմը հերքում է Նորիկի գերեվարման փաստը.

«Երեխան սահմանը չի անցել։ Մեզ հրամանատարությունից ոչ մեկ ոչինչ չեն ասում։ Իրենց ձեռքի գործն է, որ երեխան չկա։ Կան ցուցմունքներ զինծառայողների, բոլոր տարբեր բովանդակության են, ոչ մեկի ցուցմունք չի համապատասխանում։ Ինքը նախորդ օրն ասել է ծառայակիցներին, որ ոտքերը ցավում են, չի կարողանում դիրք բարձրանալ, իրեն 2 օր պահել են քարերի մեջ, տաքություն է ունեցել, բժիշկը եղել, սրսկել է, չեն տարել հոսպիտալ։ Ինձ ընկերները պատմել են, որ ծեծկռտուք է եղել, 3 զինվորի ծեծել են, որից մեկը թոռնիկս է եղել, նա, ասում են, ծայրահեղ ծանր վիճակում է եղել, թե ուր են պահել, հետը ինչ են արել, այսպես անորոշ է»։

Նորիկ Աղաբաբյանի խոսքով՝ նոր քննիչը քննչական որևէ գործողություն չի կատարել. «Քննիչը որ փոխվել է, այս երկրորդ քննիչը ոչ մեկին երկրորդ անգամ բացված այս գործով ոչ մեկին չի կանչել հարցաքննության, որևէ քննչական գործողություն չի արել, ո գործը փակել է։ Ես իրենից հետաքրքրվում եմ՝ ի՞նչ ես արել, որ գործը փակել ես, ասում է՝ ոչ մի բան, ես իրավունք չունեմ, փակված է գործը, ասում եմ՝ բա ո՞նց ես ասում, որ գործը վերանայվել է, սա վերանայե՞լն է։ Կա անորոշ բան, որը չեն ուզում բացեն, պատմեն, իմանանք՝ ինչ է եղել»։

Հիշեցնենք, որ Նորիկի՝ ծառայության վայրից բացակայելու մասին ոստիկանություն հաղորդագրություն էր ստացվել 2021 թվականի մայիսի 18–ին։ Ըստ դատախազության՝ մայիսի 18-ի դրությամբ, Նորիկը չի գտնվել թշնամական ուժերի հետ անմիջական շփման հատվածում: Նորիկն անհետացել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի դիրքերից։ Նա երեք ամսվա ծառայող էր, երբ անհետացել է։ Նա բանակ էր զորակոչվել 2021թ.-ի փետրվարի 8-ին։ Փաստաբան Լուսինե Վիրաբյանը ավելի վաղ  NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ Նորիկի անհետացման մասին ընտանիքին զգուշացվել էր միայն մայիսի 18–ին։

Լուսինե Վիրաբյանը նշել էր նաեւ, որ հարուցված քրեական գործերով պատշաճ քննություն չի կատարվել։ Նրանք տեղեկություններ ունեին, որ Նորիկը դիրքեր բարձրանալիս վատառողջ վիճակում է գտնվել, եւ նրան երկու հոգով են բարձրացրել, իսկ մեկ ուրիշն էլ զենքն է բարձրացրել։ Փաստաբանի խոսքով՝ Նորիկի մայրը հարուցված քրեական գործի շրջանակում առերեսում է ունեցել միայն «կամբատի» եւ դիրքի ավագի հետ։ Ցուցմունք տված զինծառայողների տվյալները, ըստ Լուսինե Վիրաբյանի՝ հակասում են իրար։ Փաստաբանը կարծիք էր հայտնել, որ վարույթն իրականացնող մարմինը կամ շատ լավ գիտի՝ ինչ է եղել ու կոծկում է գործը, կամ անտարբեր են դեպքի առնչությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր