00:00:00

32 տարի առաջ այս օրը պաշտոնապես փլուզվեց Խորհրդային միությունը․Գարդման-Շիրվան-Նախիջևան

13:18, 26 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել 32 տարի առաջ այս օրը ԽՍՀՄ կազմալուծման կապակցությամբ։

«32 տարի առաջ այս օրը պաշտոնապես փլուզվեց Խորհրդային միությունը։ Միության փլուզման նախերգը սակայն հնչել էր վաղուց՝ ի դեմս ազգային ճնշումների և պատմական անարդարության դեմ շատ ժողովուրդների բարձրացրած ըմբոստության ձայնի։ 

Առաջիններից մեկը Լեռնային Ղարաբաղի հայությունն էր, որ ավելի քան 7 տասնամյակ շարունակ տառապել էր Խորհրդային Ադրբեջանի խտրական քաղաքականության պատճառով։ Հայության արդարացի պահանջին՝ հիմնված ազգերի ինքնորոշման իրավունքի վրա, Ադրբեջանի թե՛ խորհրդային, թե՛ ազգային իշխանությունները տվեցին անհամարժեք ու անարդարացի պատասխան՝ փորձելով զենքի ու էթնիկ զտումների սպառնալիքի միջոցով լռեցնել բռնության դեմ բարձրացված բողոքը։

Խորհրդային և հետխորհրդային շրջանի ադրբեջանական ղեկավարությունը բավականին լավ էր սերտել բռնությունների ու ճնշման պրակտիկան, որն ամբողջ ծավալով կիրառեց հայության նկատմամբ՝ որպես էթնոֆոբիայի ու ռասիզմի կատարյալ դրսևորում։ 

Օգտվելով միությունում սկսված փլուզման անկասելի գործընթացից՝ ադրբեջանական ղեկավարությունը ոչ միայն սկսեց ողջ Ադրբեջանում՝ պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի տարածքում էթնիկ հայերի նկատմամբ զտումների՝ իր ծավալով աննախադեպ գործընթաց, որը տևեց 1988-1992 թթ․ և որի արդյունքում ավելի քան կես միլիոն հայեր բռնի տեղահանվեցին՝ առանց կյանքի ու գույքի իրավունքի ապահով իրացման հնարավորություն, այլև ագրեսիվ պատերազմ հրահրեց Լեռնային Ղարաբաղում՝ բռնակցելու համար բնիկ հայերի հազարամյա օրրանը։ 

Խորհրդային միության փլուզմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր ջանքերը վիժեցրել է ադրբեջանական արկածախնդրությունը՝ խնդրի 3 տասնամյակների ընթացքում առնվազն 4 անգամ գնալով ռազմական լուծման ճանապարհով՝ հայաթափելով ինչպես պատմական Գարդմանը, Շիրվանը և Նախիջևանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը։ 

Խորհրդային միության փլուզմամբ գլուխ բարձրացրած ինքնորոշման ալիքները, էթնիկ հողի վրա տեղի ունեցող պատերազմները ապացույցն են այն պատմական ճշմարտության, որ ողբերգության է հանգեցնում ոչ միայն «բաժանիր և տիրիր» սկզբունքը, այլև «միավորիր և ուղղորդիր» ալգորիթմը: Այժմ իսկ, պետական խողովակներով կեղծ թեզերով կերակրվող ադրբեջանական հասարակությունն է խիստ մոլորության մեջ, եթե կարծում է, թե ապակառուցողականությամբ առաջնորդվող իր իշխանությունը հաջողելու է տարածաշրջանային կարգավորումների սեփական տեսլականի իրացման հարցում»,- ասված է հայտարարության մեջ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր