Դեկտեմբերի 25-ին ՊՆ ուսումնական կենտրոններից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է հնգամսյա ուսումնական ծրագիրն անցած հերթական հոսքի ավարտական արարողությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Ուսումնական փուլի ավարտի կապակցությամբ շնորհավորելով զորամասի հրամկազմին ու կուրսանտներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել կենտրոնի դերը՝ բանակի համար բանիմաց կրտսեր հրամանատարներ
պատրաստելու գործում, և համոզմունք հայտնել, որ կրտսեր հրամանատարների շարքերը համալրող զինվորները պատշաճ կկիրառեն ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները։
Գերազանց առաջադիմությամբ աչքի ընկած զինվորներին Սուրեն Պապիկյանն անձամբ է հանձնել ավարտական վկայականները։
Այցի շրջանակում նախարար Պապիկյանը մասնակցել է նաև ուսումնական տարվա
արդյունքների ամփոփմանը նվիրված նիստին, որի ընթացքում գնդապետ Դավիթ Ալեքսանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել 2023 թվականի արդյունքները և 2024 թվականի խնդիրներն ու ծրագրերը։
Պաշտպանության նախարարը եղել է նաև ուսումնական կենտրոնի կրակադաշտում, որտեղ գործնականում ներկայացվել են նորակառույց ուսումնական վարժադաշտի հնարավորությունները։