Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Երասխի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և Iveco մակնիշի բեռնատարը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Նիվայի վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ պարեկները դեպքի վայրում ծառայություն էին կատարում, «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, Երևանի հիվանդանոց տեղափոխվելիս, ճանապարհին՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ, մահացել է:
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: