00:00:00

Ինչպես է կազմակերպվելու ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման պետական աջակցության ծրագիրը

13:18, 13 դեկտեմբեր 2023 Հասարակություն

ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար Հայաստան ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մաքսազերծման համար պետական աջակցության ծրագրից օգտվող քաղաքացիները պետք է վճարեն միայն իրենց հասանելիք մաքսատուրքի չափը։ Պետության կողմից մասնակի փոխհատուցումն իրականացվում է միանգամից։

«Այսինքն, մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով շահառուն վճարում է մաքսազերծման գումարի միայն 60%-ը, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով շահառուն վճարում է միայն 30%-ը։

Ինչպես է ձևավորվում ավտոմեքենայի մաքսազերծման գումարի չափը

Ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների ժամանակ կատարվում է միագումար մաքսային վճար (անկախ ավտոմեքենայի տարիքից) և բնապահպանական հարկ (եթե ավտոմեքենայի տարիքը մեծ է 5-ից): Միագումար մաքսային վճարի չափը մինչև 3 տարեկան ավտոմեքենաների համար կախված է ավտոմեքենայի արժեքից և շարժիչի ծավալից, իսկ 3 տարեկանից բարձր ավտոմեքենաների դեպքում՝ բացառապես շարժիչի ծավալից։ Բնապահպանական հարկի չափը կախված է ավտոմեքենայի տարիքից և արժեքից։

Ինչպես է հաշվարկվում միագումար մաքսային վճարի չափը

Մինչև 3 տարեկան ավտոմեքենաների մաքսազերծման դեպքում միագումար մաքսային վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ․

եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է մինչև 8500 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 54%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 2.5 եվրո,

եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է 8501-16 700 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 48%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 3.5 եվրո,

եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է 16 701-42 300 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 48%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 5.5 եվրո,

եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է 42 301-84 500 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 48%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 7.5 եվրո,

եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է 84 501-169 000 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 48%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 15 եվրո,

եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է 169 001 և ավելի եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 48%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 20 եվրո։

«Օրինակ, եթե ավտոմեքենան երկու տարեկան է, շարժիչի ծավալը՝ 3000 խոր․ սմ, արժեքը 30 000 եվրո, ապա միագումար վճարի չափը կհաշվարկվի հետևյալ կերպ․ հաշվարկվում է արժեքի 48%-ը, այսինքն՝ 30 000x48%=14 400, ապա հաշվարկվում է ըստ շարժիչի ծավալի, այսինքն՝ 3000x5.5=16 500, և վերցվում է այդ գումարներից առավելագույնը, այսինքն՝ վճարման ենթական միագումար մաքսային վճարի չափը կազմում է 16 500 եվրո, քանի որ շարժիչի ծավալով հաշվարկն ավելի մեծ էր, քան արժեքի 48%-ը։

3 տարեկանից բարձր մինչև 5 տարեկան ավտոմեքենաների մաքսազերծման դեպքում միագումար մաքսային վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ․

եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը մինչև 1000 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 1.5 եվրո,

եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1001-1500 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 1.7 եվրո,

եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1501-1800 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 2.5 եվրո,

եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1801-2300 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 2.7 եվրո,

եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 2301-3000 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 3 եվրո,

եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 3001 և ավելի խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 3.6 եվրո։

Օրինակ, եթե ավտոմեքենան 4 տարեկան է, շարժիչի ծավալը՝ 3000 խոր․սմ, արժեքը 80 000 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կկազմի 9000 եվրո (3000x3), այսինքն՝ ավտոմեքենայի արժեքը որևէ դեր չունի հաշվարկում։

5 տարեկանից բարձր ավտոմեքենաների մաքսազերծման դեպքում միագումար մաքսային վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ․

եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը մինչև 1000 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 3 եվրո,

եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1001-1500 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 3.2 եվրո,

եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1501-1800 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 3.5 եվրո,

եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1801-2300 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 4.8 եվրո,

եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 2301-3000 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 5 եվրո,

եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 3001 և ավելի խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 5.7 եվրո։

 Օրինակ, եթե ավտոմեքենան 7 տարեկան է, շարժիչի ծավալը՝ 3000 խոր․սմ, արժեքը 40 000 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կկազմի 15 000 եվրո (3000x5), այսինքն՝ ավտոմեքենայի արժեքը որևէ դեր չունի հաշվարկում։

Ի գիտություն

Մաքսային ձևակերպման պահին եվրոն վերահաշվարկվում է դրամով։

Ինչպես է հաշվարկվում բնապահպանական հարկը

Ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների ժամանակ բնապահպանական հարկի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ․ 

մինչև 5 տարեկան ավտոմեքենայի դեպքում՝ բնապահպանական հարկ չի հաշվարկվում,

6-ից 10 տարեկան ավտոմեքենայի դեպքում՝ ավտոմեքենայի արժեք x 2%

11-ից 15 տարեկան ավտոմեքենայի դեպքում՝ ավտոմեքենայի արժեք x 10%

16 և ավելի տարեկան ավտոմեքենայի դեպքում՝ ավտոմեքենայի արժեք x 20%

Օրինակ, եթե ավտոմեքենան 12 տարեկան է, արժեքը կազմում է 2 մլն դրամ, ապա բնապահպանական հարկի գումարը կկազմի 200 հազար դրամ (2 մլն դրամ x 10%):

Ինչպես է որոշվում ավտոմեքենայի տարիքը

Միագումար մաքսային վճարի հաշվարկման համար ավտոմեքենայի տարիքը հաշվարկվում է ավտոմեքենայի արտադրման ամսաթվից (օր, ամիս, տարի) մինչև մաքսային ձևակերպման ամսաթիվը (օր, ամիս, տարի) ընկած ժամանակահատվածով, իսկ բնապահպանական հարկի հաշվարկման համար` ավտոմեքենայի արտադրման տարեթվից մինչև մաքսային ձևակերպման տարին ընկած ժամանակահատվածով։

Ընդ որում, ավտոմեքենայի արտադրման ամսաթիվը որոշվում է տեխնիկական անձնագրի և (կամ) ավտոմեքենայի թափքի, ամրաշրջանակի նույնականացման պիտակների, ցուցանակների վրա կատարված նշումների հիման վրա։ Նշված տեղեկատվության բացակայության դեպքում՝ արտադրման տարեթիվը կարող է որոշվել նաև այլ աղբյուրներով, օրինակ՝ արտադրողի ներկայացուցչի եզրակացություն, առևտրաարդյունաբերական պալատի եզրակացություն, մաքսային փորձագետի եզրակացություն, ինչպես նաև այլ տեղեկատվական աղբյուրներ։

Միագումար մաքսային վճարի հաշվարկման ժամանակ, եթե վերը նշված տվյալներով որոշվել է միայն արտադրման տարին, և հայտնի չէ ամիսն ու օրը, ապա արտադրության ամսաթիվ է համարվում որոշված տարվա հուլիսի 1-ը։ Իսկ, եթե որոշվել է արտադրման տարին, ամիսը և հայտնի չէ օրը, ապա արտադրության ամսաթիվ է համարվում որոշված տարվա և ամսվա 15-ը»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր