Դեկտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտա 40/3 հասցեում գործող «KFC» սննդի կետում խուլիգանություն է տեղի ունեցել, որի ժամանակ փոխտնօրենը ծեծի է ենթարկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ տեղում ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի պատռած վերք, գանգուղեղային վնասվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Տեղում ոստիկանները պարզել են, որ տուժածը Լոռու մարզի բնակիչ՝ 33-ամյա Ալբերտ Բ.-ն է:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 18:00-ի սահմաններում Երևանի բնակիչներ 33-ամյա Սպարտակ Մ.-ն, 24-ամյա Արթուր Գ.-ն և 29-ամյա Մաթևոս Հ.-ն նշված սննդի կետում անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, սննդի կետում չծխելու և չհայհոյելու հետ կապված վիճաբանել են Ալբերտ Բ.-ի հետ, որի ժամանակ նրան դուրս են հրավիրել սննդի կետից և խուլիգանությունը շարունակել այս անգամ դրսում՝ հայհոյանքներ հնչեցնելով, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ալբերտ Բ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա դեպքի վայրից դիմել են փախուստի:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։