SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 2-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է Արմավիրի մարզի բնակիչ 15-ամյա Նարեկ Հ.-ն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել նոյեմբերի 23-ին՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից:
Այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Վաղարշապատի շտապօգնության բժիշկների կողմից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել Նարեկ Հ.-ն:
Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է վիրահատարանում, իսկ երեխայի ծնողը իրենց հայտնել է, որ նա հեծանիվից վայր է ընկել:
Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում երեխային, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները պարզում են, որ նոյեմբերի 17-ին, ժամը 12:00-ի սահմաններում Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի հրապարակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Նարեկ Հ.-ի, Արմավիրի մարզի բնակիչներ 16-ամյա Արայիկ Կ.-ի և 16-ամյա Մելիք Կ.-ի միջև, որի ժամանակ վերջիններս ծեծի են ենթարկել Նարեկ Հ.-ին, ով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում պարզվելու է նաև երեխային ինչի՞ հետևանքով է պատճառվել մահ, քանի որ կան նաև տեղեկություններ, որ նա ունեցել է առողջական խնդիրներ:
Արայիկ Կ.-ն և Մելիք Կ.-ն սովորում են Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում: