Նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում, Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է անվադողերի վերանորոգման կետի դիմաց կայանված Hozon Neta S 650 մակնիշի ավտոմեքենային, հաղորդում է Shamshyan.com-ը:
Այնուհետև Mercedes-ը առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հետիոտնին: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության է հասել անվադողերի փոխանակման կետի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Hozon Neta S 650-ն ու Камаз-ը կայանված են եղել նշված վայրում և ամառային անվադողերը պետք է փոխեին ձմեռայինի, այդ ժամանակ էլ Mercedes-ի վարորդը, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, լինելով խմածության ամենաբարձր աստիճանին, բախվել է Hozon Neta S 650-ին, ապա, առաջ ընթանալով, վրաերթի ենթարկել Камаз-ի վարորդին:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Hozon Neta S 650-ի վարորդը նույնպես ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: